Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունից Թուրքիայի մեջլիս ընտրված հայազգի պատգամավոր Կարո Պայլանն առաջարկել է երկրում կրոնական փոքրամասնությունների տոները ևս ներառել օրենքում, համաձայն որի մահմեդական կրոնական տոների` Ռամազանի և Զոհաբերության օրերին քաղաքացիները հնարավորություն են ստանում անվճար օգտվելու վճարովի կամուրջներից ու ավտոճանապարհներից:
Ermenihaber-ը թուրքական Cafesiyaset.com-ին հղումով մեջբերում է Փայլանի խոսքը.
«Ռամազանի և Զոհաբերության տոների օրերին, Նախարարների խորհրդի որոշմամբ, ավտոճանապարհներն ու նեղուցների կամուրջներն անվճար են դառնում օգտվողների համար: Այդ որոշումը չպետք է անտեսի այն, որ Թուրքիայում ապրում են նաև քրիստոնեական, հրեական, եզդիական և այլ համայնքներ»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայում ապրող հին ժողովուրդները պետք է տոնեն ոչ միայն նշված երկու տոնը, այլև՝ Սուրբ ծնունդը, Զատիկը, Ռոշ աշանան (հրեական) և Չարշեմա սորը (եզդիական):
Հայազգի պատգամավորը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում այս հարցի վերաբերյալ օրինագիծ ներկայացնել Թուրքիայի խորհրդարան: