Ստամբուլի Քարթար շրջանում գտնվող XVIII դարի Սբ. Նշան եկեղեցին վերաբացվելու է օգոստոսի 8-ին: Այս մասին հայտնել է եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հովհաննես Սահակօղլուն:
Ստամբուլի արվարձանում գտնվող եկեղեցին, որը գործել է 1776-ից, փակվել էր 2 տարի առաջ՝ հայ համայնքի թվի պակասելու և վերանորոգման աշխատանքների պատճառով: Այժմ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում, Hye Tert-ին հղումով գրում է Tert.am-ը:
Վերջին անգամ Աբ. Նշան եկեղեցին վերաբացվել է 1857-ին: Դրան կից գործում է Պեզճյան դպրոցը:
Ինչպես նշում է PanArmenian.net-ը, 1461-ին Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո հայոց պատրիարքության հիմնադրումից ի վեր Ստամբուլում կառուցվել է 55 հայկական եկեղեցի, ինչպես առաքելական, այդպես էլ ավետարանչական և կաթոլիկ։ Եկեղեցիներից մոտ 36-ը գործում են մինչև օրս: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը հիմնովին նորոգման կարիք ունեն։