Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից հետո մերձավորարևելյան տարածաշրջանում կրքերը չեն հանդարտվում: Տարածաշրջանային երկրները փորձում են հասկանալ, թե ինչպես են նոր հարաբերություններ կառուցելու Իրանի հետ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Ամերիկայի արաբական դաշնակիցներին «գործնական երկխոսություն» սկսել Իրանի հետ կրոնադավանական մասնատվածությունը թուլացնելու և ահաբեկչական ընդհանուր սպառնալիքներին դիմագրավելու համար, գրում է Al-Monitor-ը:
Օբաման նշել է, որ տարածաշրջանն անվտանգության հարցում նոր մոտեցումների կարիք ունի: ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ, թեև Միացյալ Նահանգները ձգտում է խորացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը Ծոցի իր արաբ դաշնակիցների հետ̦ նրանք ևս պետք է լուծեն իրենց սեփական խնդիրները: «ԱՄՆ-ը պետք է լսի մեր արաբական սուննիական դաշնակիցներին, բայց նաև չպետք է թակարդն ընկնի և թույլ տա նրանց բոլոր խնդիրների համար մեղադրել Իրանին: Պարսից ծոցի մի շարք արաբական երկրների քաղաքացիներ մեծ ներդրում են ունեցել սուննիական ջիհադիստական շարժումներում, որոնք հավասարապես ապակայունացնող են եղել», - ընդգծել է Օբաման:
Նշենք, որ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո տարածաշրջանի սուննիական երկրները, հատկապես Սաուդյան Արաբիան, մտավախություն էին հայտնում, որ սուննի-շիա պայքարում ուժերի փոխհարաբերակցությունը կարող է փոխվել հօգուտ շիական Իրանի: Եվ հիմա Միացյալ Նահանգները բախվում է տարածաշրջանային իր գործընկերներին անվտանգության երաշխիքներ տրամադրելու խնդրին:
Ի դեպ, Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն արդեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է խորացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: «Մեր կոչը Պարսից ծոցի և արաբական աշխարհի մեր գործընկերներին այն է, որ Իրանը պատրաստ է փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և իսլամական եղբայրության վրա հիմնված հարաբերություններ կառուցել նրանց հետ: Մենք բազմաթիվ ընդհանուր խոչընդոտներ ունենք, որոնց դեմ պետք է պայքարենք, և սա մեր կառավարության համար այս պահին առաջնահերթ խնդիր է», - ասել է Իրանի արտգործնախարարը: