ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչները հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի սահմանադրական փոփոխությունների հարցը: Ինչպես տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Դոնբասի հումանիտար իրադրությանը, ընդգծել են ԵԱՀԿ-ի կարևոր դերակատարությունն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում:
Նշենք, որ ավելի վաղ Կիև կատարած այցի ընթացքում Նուլանդը հավանության էր արժանացրել Պորոշենկոյի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, որոնք տեղական ինքնակառավարման հատուկ կարգավիճակ են նախատեսում Ուկրաինայի արևելյան շրջանների համար: Միաժամանակ Նուլանդը հայտարարել էր, թե Դոնբասում հակամրտության թեժացման պարագայում ԱՄՆ պատրաստ է ավելացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:
Գ. Կարասինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղարի օգնականն այսօր անդրադարձել է Մինսկի 2015թ. փետրվարի 12-ի պայմանավորվածությունների իրականացմանը, Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումներին, անվտանգության ամրապնդմանը, հումանիտար խնդիրներին: Դիվանագետները քննարկել են նաև կոնտակտային խմբի՝ վաղը Կիևում նախանշված հանդիպումը: Ռուսական կողմը կրկին ընդգծել է Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև ուղղակի երկխոսության մեկնարկի կարևորությունը:
Նշենք, որ նախօրեին հեռախոսազրույց են ունեցել նաև Նորմանդական քառյակի երկրների ղեկավարները՝ Ա. Մերկելը, Ֆ. Օլանդը, Պ. Պորոշենկոն և Վ. Պուտինը, ովքեր նշել են, որ Մինսկի պայմանավորվածությունները պետք է իրականացվեն մինչև 2015թ. ավարտը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծից տանկերն ու սպառազինության թեթև տեսակները ետ քաշելու, Շիրոկինոյի շրջանն ապառազմականացնելու և ականազերծելու շուրջ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դոնեցկի և Լուկանսկի հանրապետությունները երեկ երեկոյան սկսել են միակողմանիորեն շփման գծից ետ քաշել 100 մմ-ից պակաս տրամաչափով սպառազինությունները: Շփման գծից զինտեխնիկայի դուրս բերումն իրականացվում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերահսկողությամբ: Սակայն, ըստ որոշ հաղորդագրությունների, ուկրաինական պաշտպանական ուժերը գիշերը խախտել են հրադադրը՝ գնդակոծելով Դոնեցկը:
Միաժամանակ Ուկրաինայում շարունակում է խնդրահարույց մնալ սահմանադրական բարեփոխումների հարցը: Արևելյան շրջանների ինքնակառավարման հատուկ կարգավիճակի մասին դրույթը հիմնական օրենքում ամրագրելու առաջարկը նախագահ Պորոշենկոն ստիպված է եղել Ռադա ներկայացնել Նուլանդի հետ հանդիպումից հետո: Հակադարձելով պատգամավորների դշգոհությանը՝ վերջինս նշել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն սպառնում երկրի տարածքային ամբողջականությանը, հակառակը՝ դրանց միջոցով Կիևը կկարողանա վերականգնել վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ: Պորոշենկոն հավելել է նաև, որ փոփոխությունները չիրականացնելու դեպքում Ուկրաինան կարող է զրկվել միջազգային աջակցությունից: