Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին «Ամերիկայի Ձայն»-ի իրանական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Իրանի նկատմամբ միջազգային համայնքի սահմանած պատժամիջոցների վերացումը կարող է սկսվել վեց ամիս անց, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Քերիի խոսքով, մնացել են որոշ հարցեր, սակայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ու Իրանը դրանք կկարգավորեն։
«Այնպես որ խոսքը երևի մի վեց ամվա մասին է: Դժվար է հստակ ասել, ամեն ինչ կախված է առաջիկայում սպասվող իրադարձություններից», - ասել է Քերին։
Մինչև պատժամիջոցների չեղարկումը պետք է տեղի ունենան կարևոր զարգացումներ` Միացյալ Նահանգների Կոնգրեսն ունի երկու ամիս միջուկային գործարքին հավանություն տալու համար։ Եթե դա տեղի չունենա` նախագահ Բարաք Օբաման և Կոնգրեսը կներքաշվեն վետոների ծանր հակամարտության մեջ։ Պետական դեպարտամենտը գործարքն արդեն ուղարկել է Կոնգրես։
«Կարծում եմ, սեպտեմբերը կլինի վճռական ժամանակ, երբ պարզ կդառնա` իրագործվո՞ւմ է գործարքը, թե՞ ոչ», - ասել է Քերրին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել միջուկային գործարքին, որը հուլիսի 14-ին Վիեննայում կնքել են Իրանի Իսլամական Հանրապետությունը և վեց գերտերությունները` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։