Այսօր Հունաստանի խորհրդարանը երկրորդ քվեարկությունն է անցկացնելու վարկատուների ներկայացրած նոր պահանջների փաթեթի հետ կապված:
Եթե պատգամավորները վերջնականապես հաստատեն ֆինանսական ու դատական բարեփոխումները, որոնք վարկատուներն են առաջարկում, ապա հնարավոր կլինի վերջիններից 86 միլիարդ եվրոյի նոր օգնություն ստանալ այդ բարեփոխումներն իրականացնելու համար:
Գումարային հարցի շուրջ այդ քննարկումը պետք է տեղի ունենա ուրբաթ օրը, սակայն հունական կառավարությունը մտավախություն ունի, որ քվեարկությունը կարող է ձախողվել մի շարք պատգամավորների բարձրացրած բողոքի պատճառով:
Բանն այն է, որ Սիրիզա իշխող կուսակցության մեջ երկպառակություն է նկատվում և պատգամավորների մի մասը սպառնում է «փչացնել գործարքը», մինչդեռ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է անում այս պատասխանատու պահին խմբավորումներ չստեղծել և մեկ մարդու պես անցկացնել պահանջափաթեթի ծրագիրը, որպեսզի չհիասթափվեն ո՛չ համբերությունը կորցրած ժողովուրդը, ո՛չ էլ արդեն իսկ բազում զիջումների գնացած վարկատուները:
Հիշեցնենք, որ նախանցյալ շաբաթվա քվեարկության արդյունքում Սիրիզայի 149 անդամներից 32-ը դեմ էին քվեարկել բարեփոխումներին, այդ թվում՝ Ցիպրասին շատ մոտ կանգնած մարդկանցից մեկը՝ Եվրոպայում մեծ աղմուկ հանած ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը:
«Մինչ այժմ ես լսել եմ միայն քննադատություն և բացասական արձագանքներ», - այդ կապակցությամբ նշել է վարչապետ Ցիպրասը, - «սակայն հերոսական պնդումներ անելուց բացի ոչ ոք որևէ շոշափելի այլընտրանք ինձ չի առաջարկել»:
Ըստ Ցիպրասի՝ Սիրիզան որպես կուսակցություն պետք է արտացոլի հենց հունական հասարակությունը, նրա սպասումներն ու մտահոգությունները և ոչ թե հուսախաբ անի ժողովրդին:
Հույն փորձագետներն իրենց հերթին հաստատում են, որ պատգամավորները պետք է թողնեն տարատեսակ անձնական ու կուսակցական շահերը և երկրի համար այս վճռորոշ պահին միավորվեն, քանի որ հունական քայքայված տնտեսությունն այլևս չի կարող սպասել, մինչ երկրի առաջնորդներն ընդհանուր հայտարարի գան:
Հիշեցնենք, որ անկախ ամեն ինչից, այս ընթացքում որոշակի առաջընթաց այնուամենայնիվ նկատվել է հունական պարտքերի մարման առումով, քանի որ կառավարությունը հասցրել է երկուշաբթի օրը թե՛ Եվրոպական կենտրոնական բանկին, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամին որոշակի գումար փոխանցել` ԵՄ-ի նվիրաբերած 7.16 միլիարդ եվրոյից: