Արամ Նավասարդյան
Ալմաթիի հայկական համայնքի երիտասարդական թևի ակտիվիստ
- Խնդրում եմ պատմեք, թե ինչով է զբաղվում հայ երիտասարդությունը Ղազախստանում:
- Հայ երիտասարդությունն ընդգրկված է Ղազախստանի գրեթե բոլոր բնագավառներում, լինի դա արհեստ, արվեստ, թե այլ աշխատանքներ, քանի որ շատ տաղանդավոր են, ինչպես և աշխարհում բոլոր հայերը: Նրանք նաև ակտիվորեն մասնակցում են հայկական մշակութային կենտրոնի կյանքին: Իհարկե՝ ոչ բոլորը, բայց պետք է աշխատենք որքան հնարավոր է շատ երիտասարդներ ներգրավել, որպեսզի նրանք իրենց տաղանդը, հնարավորություններն օգտագործեն հայկական համայնքի միջոցառումներում:
Կան տարբեր միջոցառումներ, ինչպես, օրինակ, ԽՍՀՄ տարիներից մնացածները, երբ ներկայացնում էին տարբեր ազգերին: Այդ ավանդույթն այստեղ շարունակվում է, և դա գովելի է: Այդ միջոցառումներից են, օրինակ, Մայիսի 1-ը, Նաուրիզը, որոնց ժամանակ տարբեր ազգերի ներկայացուցիչներին տրվում են տաղավարներ, որոնք նրանք զարդարում են ազգային ոճով, այնտեղ ցուցադրում իրենց մշակույթը, ուտեստները: Այդ օրերին կատարվում են ուրախ տոնախմբություններ: Այսպիսի միջոցառումներն ամրապնդում են ազգերի միջև հարաբերությունները:
- Իսկ Հայաստանից որևէ օգնություն ստանո՞ւմ եք դասագրքերի, տեսանյութերի տեսքով:
- Մենք համագործակցում ենք և´ Սփյուռքի նախարարության, և´ Մշակույթի նախարարության հետ: Բոլոր կարևոր, մեզ անհրաժեշտ գրականությունը մեզ ուղարկվում է, Հայաստանի կողմից այդ գործն արվում է, Սփյուռքի նախարարությունում շատ ջանասեր են աշխատում: Մենք Ղազախստանում պետք է օրինապահ քաղաքացիներ լինենք, քանի որ ներկայացնում ենք Հայաստանը, և նաև պետք է Հայաստանի օրինապահ քաղաքացիներ լինենք, և այդ դրսևորումը շատ ճիշտ է: Մայիսի վերջերին անցկացրեցինք կինոփառատոն և ներկայացրեցինք երեք հայկական ֆիլմ: Կարծում եմ` եկող տարիներին նման փառատոներ նորից կանցկացնենք, քանի որ այս առաջին փառատոնին հայերն ակտիվորեն մասնակցեցին, և կազմակերպիչները շատ գոհ էին:
Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ: