Եմենի գործող նախագահ Հադիին հավատարիմ ուժերին հաջողվել է ապստամբ հութիներից գրավել նավահանգստային Ադեն քաղաքը, որի համար արդեն մի քանի շաբաթ է կռիվներ էին ընթանում ապստամբների և գործող նախագահին հավատարիմ ուժերի միջև, հայտնում է Al Jazeera-ն:
Ադենը ապստաբների վերահսկողության տակ էր գտնվում 2015 թվականի սկզբից: Հութիների կողմից հենց Ադենի գրավման արդյունքում էր, որ նախագահ Հադին ստիպված եղավ փախչել երկրից և ՄԱԿ-ից ու արաբական երկրներից ռազմական օգնություն խնդրել:
Փորձագետները և վերլուծաբանները նշում են, որ Իրանի կողմից հովանավորվող շիա ապստաբների այս պարտությունը վերականգնում է հավասարակշռությունը Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի հետ միջազգային ուժերի կողմից համաձայնություն կնքելու ֆոնին: Որոշ վերլուծաբաններ էլ հակված են կարծելու, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վճռական փուլում Իրանի կողմից հութիններին տրամադրվող աջակցությունը նվազել էր, ինչը և հանգեցրել է վերջիններիս պարտությանը:
Նշենք, որ Կահիրեում շարունակվում են Եմենում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունները՝ մի կողմից ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի, մյուս կողմից Եմենի նախկին նախագահ Սալեհի «Կոնգրես» կուսակցության ներկայացուցիչների միջև:
«Կահիրեում բանակցություններ են ընթանում «Կոնգրես» կուսակցության առաջնորդների և ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի և Բահրեյնի դիվանագետների միջև Եմենում ճգնաժամի խաղաղ լուծումը գտնելու նպատակով»,-հաստատել է Սալեհի կուսակցության առաջնորդ Ադել Շուջան՝ հավելելով, որ այդ բանակցություններն արդեն բավականին առաջընթաց են գրանցել:
Կահիրե կատարած այցի ժամանակ Սաուդյան Արաբայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Եմենում հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքի: «Սաուդյան Արաբիան, ինչպես նաև ողջ կոալիցիան, գիտակցում է, որ ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական և աջակցում է քաղաքական լուծման համար հիմքեր ստեղծելու ցանկացած ջանքի», - Ջուբեյրի խոսքերը մեջ է բերում Reuters գործակալությունը:
Եմենի նախկին նախագահ Սալեհին հավատարիմ զինված ուժերն առանցքային նշանակություն ունեն Եմենի հակամարտությունում, և այս համատեքստում Սալեհի ներկայացուցիչների և արաբական կոալիցիայի և վերջինիս աջակցող միջազգային ուժերի միջև բանակցությունները կարող են գործնական ազդեցություն ունենալ հակամարտության ընթացքի վրա: