ԱՄՆ-ում Լրագրողների պաշտպանության հանձնաժողովն, ի պաշտպանություն ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Ադրբեջանի համար ճիշտ որոշում կլիներ ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային և մյուս լրագրողներին: Դա կնպաստեր նրա միջազգային հեղինակության լավացմանը»: Բանտարկության ութ ամիսների ընթացքում Իսմայիլովային ազատ արձակելու կոչով բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կառույցներ են հանդես եկել՝ վստահ լինելով, որ նրա բանտարկումը քաղաքական պատվեր է: Այս կապակցությամբ Ադրբեջանը քննադատության է ենթարկվել ինչպես Եվրոպական միության ու նրա կառույցների, այնպես էլ առանձին եվրոպական երկրների կողմից: Սակայն ադրբեջանական «արդարադատությունն» այլ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ: Այսօր Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում մեկնարկել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովայի դեմ դատավարությունը: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, դատարանում ուժեղացված անվտանգության միջոցառումներն էին ձեռնարկվել: Լրագրողներին, քաղաքական և հասարակական գործիչներին ու օտարերկրյա դիվանագետներին թույլ չի տրվել մուտք գործել դատարանի դահլիճ:
Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: 38-ամյա Իսմայիլովային ադրբեջանցի իրավապահները նախ փորձել են մեղադրել մի քաղաքացու ինքնասպանության փորձի հասցնելու համար։ Հետագայում այդ քաղաքացին` Թուրալ Մուստաֆաևը, պաշտոնապես հրաժարվել է իր ցուցմունքներից, սակայն դատախազությունն Իսմայիլովայի նկատմամբ հարուցել է նոր գործ: Խադիջա Իսմայիլովայի առաջադրվել են «խոշոր չափերի յուրացում և զեղծարարություն», «ապօրինի ձեռնարկատիրություն» իրականացնելու, «հարկերի վճարումից խուսափելու» «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեղադրանքներ:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան լրագրողական հետաքննություններ է իրականացնել իշխանությունների կոռումպացվածության մասին: Այդ հետաքննությունների արդյունքում բացահայտվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ ունեցվածքը:
Այս տարվա մայիսին Նյու Յորքում Խադիջա Իսմայիլովային հեռակա կարգով շնորհվել է PEN ամերիկյան կենտրոնի Բարբարա Գոլդսմիթի «Գրելու ազատություն» մրցանակը: