«Գիշերային Գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մոտոարշավ-երթ իրականացնել Հայաստանի տարածքում և Արցախում։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ-ում Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահի տեղակալ Սերգեյ Սաժումյանը, «Գիշերային Գայլերի» ժամանումը Հայաստան նախատեսված է հուլիսի 31-ին:
«Մենք նախատեսում ենք, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Բագրատաշենի սահմանային անցակետում կլինեն հուլիսի 31-ին, սակայն չենք բացառում, որ նրանք կարող են ժամանել նաև հաջորդ օրը` օգոստոսի 1-ին. Ռուսաստանի Դաշնությունում եղանակային պայմաններն այնքան էլ հաջող չեն»,- ասել է Սաժումյանը՝ հավելելով, որ նրանց հետ միասին ժամանելու է նաև Ռուսաստանի հայերի միության շրջանակում ստեղծված մոտոխումբը:
«Մենք պլանավորում ենք, որ օգոստոսի 1-ի երեկոյան նրանք հավաքվելու են Երևանի Հանրապետության հրապարակում: Այնուհետև, օգոստոսի 2-ի կամ 3-ին մենք կազմակերպելու ենք նրանց մամուլի ասուլիսը. օրը կհստակեցվի ավելի ուշ»,- հայտնել է Սերգեյ Սաժումյանը:
«Երթի ընթացքում այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցանկալի կլինի, որ մեր երթին միանան նաև Հայաստանի բոլոր բայքերները», - ընդգծել է Սաժումյանը:
Ինչպես և սպասվում էր, Հայրենական մեծ պատերազմի կապակցությամբ Գերմանիա կատարած մոտոերթի արդյունքում համաշխարահային ճանաչում ստացած և Պուտինի կողմից աջակցվող «Գիշերային Գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչների՝ Արցախ առաջիկա այցելության մասին լուրերի շուրջ արդեն սկսվել է ադրբեջանական իրարանցումը:
«Haqqin.az-ի խմբագրությունն արդեն իրազեկել է Ռուսաստանում ադրբեջանական դեսպանությանը «Գիշերային Գայլերի» Արցախ այցելության մասին»,- իր «ազգանվեր» գործի մասին հպարտորեն տեղեկացնում է ադրբեջանական լրատվական կայքը: Իհարկե որևէ մեկի համար գաղտնիք չէ պաշտոնական Բաքվի գործողությունները կապված մոտոակումբի ներկայացուցիչների՝ ԼՂՀ այցելության հետ. Ադրբեջանի ԱԳՆ-ն մոտոակումբի ներկայացուցիչներին սպառնում է ներառել «սև ցուցակում»:
Նշենք, որ ադրբեջանական «սև ցուցակի» շուրջ վերջին աղմուկը՝ կապված ռուս հայտնի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի Լեռնային Ղարաբաղում հաստատվելու լուրի հետ, դեռևս չի հանդարտվել: Այս փաստը այնքան է զայրացրել մեր հարևաններին, որ նրանք դատական գործ են հարուցել Ստերլիգովի նկատմամբ՝ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար հայերի, ռուսների և ադրբեջանցիների մասնակցությամբ կլոր սեղանի շուրջ քննարկումներ կազմակերպելու առաջարկության պատճառով: Այս կապակցությամբ Սերլիգովն արել է հետևյալ հարցադրումը. «Հայերը և ռուսները չեն վախենում բաց քննարկումներից, իսկ ադրբեջանցիները սպառնում են: Ի՞նչ է սա նշանակում»:
Հաշվի առնելով, որ ադրբեջանական «սև ցուցակը» վերջին շրջանում ընդլայնվում է երկրաչափական պրոգրեսիայով՝ ակնհայտ է դառնում, որ Արցախ այցելության ադրբեջանական արգելքն արդեն վաղուց չի մտահոգում ոչ պաշտոնական պատվիրակություններին, ոչ էլ հայտնի մարդկանց: Ավելին, ադրբեջանական իշխանությունների կողմից իրենց «սև ցուցակում» նոր անուններ հայտվելու կապացությամբ բարձրացվող աղմուկը նպաստում է միջազգային հանրության լայն զանգվածների շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչելիության մեծացմանը:
Ադրբեջանական «սև ցուցակում» նոր անունների ի հայտ գալը վկայում է, որ միջազգային հանրությունը սկսել է ընկալել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, որտեղ այցելության համար ադրբեջանական իշխանությունների թույլատվություն անհրաժեշտություն չկա: