Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում միայն մեկ օրվա ընթացքում առնվազն 120 մարդ է մահացել: Ինչպես գրում է Reuters-ն, այս տարվա մարտին ավիահարվածները սկսելուց հետո սա խաղաղ բնակիչների դեմ ուղղված ամենամահաբեր հարվածն է: Ժամեր անց կոալիցիան անսպասելիորեն հայտարարել է հնգօրյա մարդասիրական դադար սկսելու մտադրության մասին:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
Այս մահաբեր ավիահարվածի ֆոնին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնում, որ ավիահարավծների թիրախն ավելի հաճախ խաղաղ բնակիչներն են դառնում, այլ ոչ թե հութի շարժման զինյալները: Human Rights Watch-ը և Amnesty International-ը հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան խախտում է պատերազմի օրենքները և բավարար միջոցներ չի ձեռնարկում խաղաղ բնակչության շրջանում կորուստները կանխելու համար: Իրավապաշտպան կազմակերպությունները նաև քննադատել են Հութի շարժման զինյալներին, ովքեր նախորդ շաբաթ Ադեն քաղաքի որոշ շրջանների նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո մի ամբողջ քաղաք են հրթիռակոծել, ինչի հետևանքով գրեթե 100 մարդ է զոհվել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թվականի մարտից Եմենում առնվազն 1693 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 3800-ը` վիրավորվել: Ընդ որում, նրանց մեծ մասը սպանվել է ավիահարվածների հետևանքով: Ընդհանուր առմամբ ավիահարվածների 4 ամիսների ընթացքում ավելի քան 3500 մարդ է սպանվել:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Եմենում հումանիտար ճգնաժամն ամենաբարձր մակարդակի է հասել: Երկրում ընթացող ճգնաժամի հետևանքով բնակչության ավելի քան 80 %-ն օգնության կարիք ունի: ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ 13 միլիոն եմենցիներ հազիվ են բավարար սնունդ հայթայթում, իսկ ավելի քան 9 միլիոն մարդ գրեթե չի կարողանում օգտվել մաքուր ջրից:
Նախորդ հրադադարը, որը պետք է տևեր մինչև մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա վերջը, իրականում այդպես էլ ուժի մեջ չմտավ, քանի որ երկու կողմերը շարունակ մեղադրում էին միմյանց և շարունակում ռազմական գործողությունները: