Եվրոպական միության, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներն օրերս Աթենք են ժամանել` Հունաստանի երրորդ պահանջափաթեթի հետ կապված բանակցությունները վերսկսելու նպատակով:
Վարկատուները հատկապես կենտրոնանալու են աշխատաշուկայի, թոշակային համակարգի, ֆիսկալ քաղաքականության և շուկայի կարգավորման հարցերի վրա, ինչպես հաղորդում է Greek Reporter-ը:
Աթենքն ու Բրյուսելը հույս ունեն, որ օգոստոսի կեսին արդեն նոր փաթեթի անցման մեկնարկը կտրվի, քանի որ օգոստոսի 20-ին արդեն Հունաստանը 3.2 միլիարդ եվրո գումար պետք է վճարի ԵԿԲ-ին, իսկ հաջորդ ամիս էլ 1.5 միլիարդ եվրո`ԱՄՀ-ին:
Հունաստանն ընդհանրապես հյուրասեր երկիր է համարվում, սակայն այն, ինչպես դիմավորեց հույն ժողովուրդը վարկատուների ներկայացուցիրներին, ըստ Euroactive-ի, ուղղակի աննկարագրելի էր: Մարդիկ ո՛չ միայն ջերմ ու գրկաբաց չէին ընդունում եվրոպացի հյուրերին, այլև աղմուկ-աղաղակով դուրս էին եկել մայրաքաղաքի փողոցները և պահանջում էին, որպեսզի վերջիններս հեռանան իրենց երկրից: Բազմաթիվ պաստառներն ու փողոցային սպառնող գրաֆիտիները ևս դա էին վկայում:
Բանն այն է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ հունական խորհրդարանը վերջնականապես հաստատեց բարեփոխումների հետ կապված պահանջափաթեթի իրականացումը, ընդ որում` 149 պատգամավորներից 36-ը դեմ էին քննարկել դրա ընդունմանը` համեմատած սկզբնական քվեարկության ժամանակ դեմ արտահայտված 39-ի:
Հատկանշական է, որ 36 եվրոսկեպտիկներից շատերն իշխող Սիրիզա կուսակցությունից են եղել` այդպիսով մեծ հարված հասցնելով վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, ով փաստորեն հույսը դրել էր ընդդիմադիր ուժերի աջակցության վրա:
Վարչապետն այդ առիթով հայտնել էր, որ իր կուսակցությունը վերախմբավորման ու ռազմավարության հստակեցման կարիք ունի, ինչպես փոխանցում է The Telegraph–ը:
«Հավաքական ու ժողովրդավարական վերախմբավորումն այժմ արդեն պարտադիր է: Որքան հնարավոր է շուտ պետք է պարզեցնենք ու հստակեցնենք մեր կուսակցության ռազմավարությունը» - նշել է Ցիպրասը:
Ինչևէ մի շարք վերլուծաբաններ կանխատեսում են, որ ներկայիս կառավարությունը չի կարող գոյատևել մինչև աշուն անգամ և շատ շուտով արտահերթ ընտրություններ են հայտարարվելու: