Իրանն ու ԵՄ-ն պատրաստակամություն են հայտնել լիարժեք իրականացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը: Այս մասին հայտարարել են Իրանի նախագահ Հասան Ռոհանին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք պետք է կենտրոնանանք համաձայնագրի ճշգրիտ և լիարժեք իրականացման վրա̦, ինչն օգուտ կբերի ողջ աշխարհին», - հայտարարել է Իրանի նախագահը Թեհրանում Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ: Իր հերթին, Մեգերինին միջուկային համաձայնագիրը բնութագրել է որպես համաշխարհային խաղաղությանն ուղղված քայլ. «ԵՄ-ն միաձայն կողմ է գործարքին և փորձելու է ժամանակին այն կյանքի կոչել»: Ինչպես հայտնում է CCTV-ն, Մոգերինին կարևորել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Հոմեյնիի դերակատարումն այս գործընթացում:
Կողմերը հույս են հայտնել, որ համաձայնագրի իրականացումը նոր էջ կբացի Իրան-ԵՄ հարաբերություններում: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նշել է, որ կողմերը բանակցություններ են սկսելու տարբեր ոլորտներում համագործակցություն հաստատելու համար: Նրանք նաև պայմանավորվել են քննարկել տարածաշրջանային քաղաքական խնդիրները:
Միաժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան ֆաբիուսը ևս 12 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Իրան: «Մենք լավ հարաբերություններ ենք ունեցել Իրանի հետ նախկինում»,- Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը: Լորան Ֆաբիուսը նաև նշել է, որ Իրանը կարևոր և ազդեցիկ երկիր է տարածաշրջանում` ընդգծելով, որ Իրանն ու Ֆրանսիան ընդհանուր շահեր ունեն այս տարածաշրջանում` ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համատեքստում: «Մենք երկու հզոր, անկախ երկրներ ենք, երկու հզոր քաղաքակրթություններ: Ճիշտ է` վերջին տարիներին բոլորին հայտնի պատճառներով մեր հարաբերությունները սառել են, բայց հիմա միջուկային գործարքի շնորհիվ ամեն ինչ կարող է փոխվել», - Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքերը մեջբերում է The Economic Times-ը: