Երեկ՝ հուլիսի 29-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը «վետո» է դրել մալազիական խոցված ինքնաթիռի հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու մասին բանաձևին, որն ավելի վաղ՝ հուլիսի սկզբներին, առաջարկվել էր Մալազիայի, Ավստրալիայի, Հոլանդիայի, Բելգիայի և Ուկրաինայի կողմից:
Համաձայն Reuters գործակալության՝ ԱԽ 15 անդամներից 11-ը կողմ էին քվեարկել բանաձևին, երեքը՝ Չինաստանը, Անգոլան և Վենեսուելան, ձեռընպահ: Բանաձևն առնվազն 9 կողմ ձայնի դեպքում կարող էր ընդունվել, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, սակայն ոչ «վետո»-ի պարագայում: Իսկ արգելափակման իրավունք, ինչպես հայտնի է, ունեն ԱԽ մշտական 5 անդամները միայն՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:
Բանաձևի նպատակն էր ՄԱԿ-ի անկախ միջազգային տրիբունալի ստեղծումը, որը կհետապնդեր ու կպատժեր մալազիական ինքնաթիռի խոցման համար պատասխանատուներին:
Հիշեցնենք, որ 298 ուղևոր Ամստերդամից Կուալա Լումպուր տեղափոխող ինքնաթիռն ուկրաինական Դոնբասի շրջանում խոցվել էր 2014 թվականի հուլիսի 17-ին:
Արևմտյան պետություններն ու Ուկրաինան անմիջապես Ռուսաստանին էին մեղադրել կատարվածի համար, սակայն վերջինս մինչ օրս ժխտում է իր մասնակցությունն այդ ավիավթարին և իր հերթին պատասխան մեղադրանք է ներկայացնում ուկրաինական կողմին:
Ինչպես հայտնում է ռուսական TASS գործակալությունը, մերժված բանաձևի փոխարեն Ռուսաստանը սեփական տարբերակն է առաջարկել արդարությունը վերականգնելու նպատակով, սակայն դրա մանրամասները դեռևս չեն հրապարակվում:
«Ռուսաստանը պատրաստ է համագործակցել այս ողբերգության պատճառների ու հանգամանքների լիարժեք և օբյեկտիվ հետազոտության հարցում», - հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, - «սակայն քաղաքացիական ինքնաթիռների վթարների հարցով ՄԱԿ-ը դեռևս երբեք միջազգային տրիբունալ չի հիմնել», - ավելացրել է Չուրկինը:
Իսկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինն իր հերթին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը վախենալու կամ թաքցնելու բան չունենար, երբեք «վետո» չէր դնի նման որոշման վրա: