Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին միացել է ևս 7 երկիր՝ Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Ուկրաինան և Վրաստանը: Հետաքրքրիր է, որ այս երկրներից և ոչ մեկը չի անդամակցում Եվրոպական միությանը:
Վրաստանի և Ուկրաինայի՝ հակառուսական պատժամիջոցներին միանալը մեծ զարմանք չի առաջացրել Ռուսաստանում՝ հաշվի առնելով վերջիններիս հետ հարաբերություններում առկա բացասական դինամիկան: Մեծ հաշվով Մոսկվան սառնասրտորեն է վերաբերել նաև ցուցակում Ալբանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի հայտնվելուն, քանի որ այս երկրների հետ Ռուսաստանը երբեք առանձնահատուկ հարաբերություններ չի ունեցել:
Իսկ ինչ վերաբերում է Մոնտենեգրոյին և Նորվեգիային, ապա վերջիններիս հակառուսական այս քայլը փոքր-ինչ մտահոգել է Ռուսաստանին, քանի որ Նորվեգիան Ռուսաստանի անմիջական հարևան երկիր է, իսկ Մոնտենեգրոյի հետ վերջինիս միավորում են պատմական կապերը:
«Մեծ է հավանականությունը, որ Նորվեգիային և Մոնտենեգրոյին արվել է այնպիսի առաջարկություն, որից նրանք չեն կարողացել հրաժարվել»,-այս մասին Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայքի իր բլոգում գրում է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:
Նշենք, որ Ռուսաստանը պատրաստվում է պատասխան պատժամիջոցներ սահմանել վերոնշյալ երկրների դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ ընդգծելով, որ Մոսկվան խստորեն հետևելու է այդ սահմանափակումների կատարմանը:
Այնուամենայնիվ հարկ է նշել, որ հակառուսական պատժամիջոցներին միանալու այս երկրների որոշումը գործնական նշանակություն չունի՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից Եվրոպան ևս մեծ վնասներ է կրել: Հենց Ռուսաստանի սահմանած պատասխան պատժամիջոցների արդյունք է Եվրոպական մի շարք երկրներում արդեն մեկ շաբաթ շարունակվող ֆերմերների բողոքի ակցիանները:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին Եվրոպան տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ վերջինիս Ղրիմի միանալու պատճառով: 2015 թվականի հունիսի 22-ի ԵՄ երկարաձգեց այդ պատժամիջոցների ժամկետը մինչև 2016 թվականի հունվարի 31-ը: Դրան ի պատասխան Մոսկվան իր հերթին երկարաձգեց ԵՄ դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական ապրանքներին: