Թուրքիայում քրդերի նկատմամբ ճնշումների շրջանակում հերթական զարգացումն է տեղի ունեցել։ Հանրապետական դատախազությունը 2014-ի հոկտեմբերի 6-8 տեղի ունեցած իրադարձությունների գործով հետաքննություն է սկսել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի դեմ։
Ինչպես տեղեկացնում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Sozcu-ին՝ Թուրքիայի հանրապետական դատախազությունը HDP-ի առաջնորդի դեմ հետաքննություն է սկսել «Հասարակական խաղաղության դեմ իրագործվող հանցանքներ» բաժնի «Ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել ու հրահրել» մեղադրանքով։
Դատախազությունը պատրաստվում է դիմել խորհրդարանին՝ Դեմիրթաշին զրկելու անձեռնխելությունից և պահանջելու է նրա համար 24 տարվա ազատազրկում։
Նշենք, որ 2014-ի հոկտեմբերի 6-8-ը Թուրքիայի մի շարք քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պնդելով, որ Թուրքիայի աջակցությամբ «Իսլամական պետության» ահաբեկիչները կոտորում են Քոբանիի քուրդ բնակչությանը և կոչ էին անում թույլ տալ քրդերին գնալ Քոբանի և պաշտպանել խաղաղ բնակչությանը։
Այս բողոքի ակցիաների ժամանակ տարբեր պատճառներով սպանվել է մոտ 50 հոգի։
Հիշեցնենք, որ HDP Թուրքիայի միակ խորհրդարանական կուսակցությունն է, որն ընդունում է Հայոց ցեղասպանությունը և իշխանություններին մշտապես կոչ է անում առերեսվել սեփական պատմության հետ։