Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն օրերս հայտարարել է, որ իշխող Սիրիզա կուսակցության ներսում հանրաքվե է պատրաստվում անցկացնել, քանի որ այն պառակտվել է վարկատուների հետ կնքած պայմանագրի արդյունքում: Գրեթե 30.000 կուսակցության անդամներ իրավունք են ունենալու քվեարկել առաջիկայում սպասվող այդ հանրաքվեին, տեղեկացնում է The Greekreporter-ը:
«Առաջարկում եմ Կենտրոնական կոմիտեին արտակարգ համագումար անցկացնել և քննարկել մեր կուսակցության ընդհանուր ռազմավարությունը ներկայիս պահանջափաթեթի պայմաններում», - նշել է Ցիպրասը, - «Ես հարգում եմ այն մարդկանց կարծիքը, ովքեր պնդում են, թե պետք է անմիջապես չեղյալ հայտարարենք եվրոպացիների հետ կնքած համաձայնագիրը, և որ կան այլ հնարավոր այլընտրանքներ բարեփոխումների այս նոր փաթեթին: Կարծում եմ՝ բնական է, որ մենք պետք է քննարկենք նմանատիպ գաղափարները ևս»:
Ըստ Reuters տեղեկատվական գործակալության՝ վարչապետն ի սկզբանե նպատակ է ունեցել համաձայնագիրը հնարավորինս արագ վերջնական տեսքի բերել, քանի դեռ տեղի չի ունեցել Սիրիզայի սեպտեմբերյան համագումարը, որտեղ պետք է գործ ունենային կուսակցության «ապստամբների» հետ, ինչը կբերեր ավելի խորը ներկուսակցական պառակտում:
Իսկ «ապստամբների» ամենակարկառուն ներկայացուցիչներն են նախկին էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսն ու նախկին ֆինանսների նախարար Յաննիս Վարուֆակիսը, ովքեր բոլորից շատ են ցանկանում հրաժարվել կառավարության ստորագրած երրորդ պահանջափաթեթից:
«Ստիպված եմ խոստովանել, որ Սիրիզան այդպես էլ միասնական կուսակցություն չդարձավ», - այդ առիթով խոստովանել է Ցիպրասը, - «Կուսակցությունն ավելի միասնական դարձնելու ջանքերն այդպես էլ ցանկալի արդյունքների չբերեցին»:
Ինչպես հաղորդում է eugreeka.com կայքը, Ցիպրասը նշել է նաև, որ քվեարկությունների ժամանակ կառավարությունը չի կարող շարունակել շահագործել ընդդիմության ձայները, երբ անհրաժեշտ է լինում, և փոխարենը, պետք է վերջ դնի իշխանության հետագա բաժանմանն ու մասնատմանը: