Ուկրաինական «Աջ սեկտոր» կազմակերպությունը Ուկրաինայի շրջաններում ստորագրահավաք է սկսել ուկրաինական իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, տեղեկացնում է կազմակերպության կայքը;
«Աջ սեկտորը հավաքվում է Պոլտավայում հանրաքվեի անցկացման վերաբերյալ ստորագրահավաք անցկացնելու համար»,-ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Հանրաքվեի միջոցով իշխանությունների անվստահություն կհայտնվի: Եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ մեր սերունդներն արժանապատիվ ապրեն, մենք պետք է կազմակերպենք այս հանրաքվեն: Եթե մենք հավաքենք անհրաժեշտ քանակությամբ ձայներ, կարող ենք օրինական կերպով փոխել այս իշխանությունը»,-հայտարարել է Պոլտավայում «Աջ սեկտորի» ղեկավար Մարկո Չաուսը:
Հիշեցնենք, «Աջ սեկտորը» հանդիսանում է ծայրահեղական և ազգայնական ուկրաինական կազմակերպությունների միություն, որի անդամները ակտիվ մասնակցություն են ունեցել «Եվրամայդանի» դեպքերին՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին, ինչպես նաև վարչական շենքերի գրավմանը:
Հուլիսի 21-ին «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել էր Ուկրաինայում հեղափոխության նոր փուլ սկսելու մասին: «Ժողովուրդը պետք է իր կարծիքն արտահայտի երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»,- կարծում են կազմակերպեությունում և հենց այս նպատակով պատրաստվում են շտաբներ ձևավորել երկրի ամբողջ տարածքում իշխանություններին անվստահություն հայտնելու շուրջ հանրաքվե կազմակերպելու համար:
«Աջ սեկտորը» մասնավորապես դատապարտում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը ուղղված գործող իշխանության քայլերը: Կազմակերպությունը հանդես է գալիս Մինսկի համաձայնագրերի իրականացման դեմ՝ պահանջելով Կիևից Դոնբասի ամբողջական շրջափակում և ռազմական ճանապարհով Ղրիմի հետ վերադարձ:
Հանրաքվեի կազմակերպման ձախողման դեպքում «Աջ սեկտորը» մտադիր է ստեղծել իր սեփական Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Ուկրաինայի ողջ տարածքում առանձին ընտրություններ անցկացնել:
Կիևում դեռևս չեն արձագանքում «Աջ սեկտորի» այս նախաձեռնությանը: Հարկ է նշել, որ Ուկրաինայում շատերը կասկածանով են վերաբերում իշխանափոխություն կազմակերպելու այս նախաձեռնությանը՝ կարծելով, որ այն ավելի շատ կոչված է գովազդելու «Աջ սեկտորին», քանի որ վերջին շրջանում ծայրահեղական այս խմբավորման դիրքերը թուլացել են: