ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հանրապետական մեծամասնությունը քվեարկելու է Իրանի միջուկային համաձայնագիրն արգելափակելու համար: Ինչպես հայտնում է AFP-ն̦ այս մասին հայտարարել են հանրապետական օրենսդիրները:
Մինչև սեպտեմբերի 17-ը Կոնգրեսը քվեարկության է դնելու Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված համաձայնագրին անհամաձայնության հայտնելու վերաբերյալ բանաձևը: Նշենք̦ որ հանրապետականները մեծամասնություն են կազմում ինչպես Ներկայացուցիչների պալատում̦ այնպես էլ Սենատում:
Եթե այն ընդունվի̦ ապա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարողանա վերացնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործող պատժամիջոցները̦ որոնք պետք է հանվեն իրանական միջուկային գործունեության սահմանափակման դիմաց: Սակայն Օբաման հայտարարել է̦ որ վետո կկիրառի նման որոշման դեմ: Իսկ նախագահական վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է այս երկու մարմիններում էլ ստանալ ձայների 2/3-ը:
Bloomberg գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեսթի խոսքերը̦ ով նշել է̦ որ «իրենք Ներկայացուցիչների պալատում բավական աջակցություն ունեն վերոնշյալ բանաձևի նկատմամբ վետո կիրառելու համար»:
Հանրապետական Պետեր Ռոսկամը հայտարարել է̦ որ Ներկայացուցիչների պալատի 434 անդամներից 218-ը մտադիր են անհամաձայնություն հայտնել իրանական գործարքին: Նրանք բոլորն էլ հանրապետականներ են: «Կոնգրեսն ու Ամերիկայի ժողովուրդը հավատում են̦ որ կարելի է ավելի լավ համաձայնագիր կնքել̦ և մենք կարող ենք սկսել այս մեկից հրաժարվելով»̦ - ասել է Ռոսկամը: Վերջինս կարծում է̦ որ Իրանի հետ կնքված համաձայնագիրն ընդհանրապես անկարող է կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը:
Օբամայի վարչակազմը բազմիցս հայտարարել է̦ որ Իրանի հետ կնքված համաձայն̦ իսկապես̦ իդեալական չէ̦ սակայն հակառակ պարագայում Իրանը կշարունակեր իր միջուկային ծրագիրը̦ իսկ պատժամիջոցների համակարգն էլ̦ ի վերջո̦ մի օր տապալվելու էր:
Հատկանշական է̦ որ Իրանում ևս քննարկվում է այն հարցը̦ թե որքանով էր ճիշտ նման համաձայնագիր ստորագրելը: The Washington Post-ը գրում է̦ որ Իրանում առավել կոշտ կուրսի կողմնակիցները գտնում են̦ որ Թեհրանը չափազանց շատ զիջումներ է արել միջազգային հանրությանը` հատելով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Հոմեյնիի սահմանած «կարմիր գծերը»: