Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի կառավարությունը կազմել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ, որն առաջիկայում կդրվի քննարկման։ Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին՝ այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը։
«Փաթեթը պատրաստ է, ես իմ ստորագրությամբ են այն ուղարկել կառավարություն, հուսով եմ, որ առաջիկայում այն կմտնի ուժի մեջ», - ասել է Կլիմկինը։
Նրա կարծիքով՝ Ղրիմի բռնակցման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները երբեք չեն չեղարկվի։ «Ոչ ոք ներդրում չի անի Ղրիմում, ոչ ոք չի մեկնի Ղրիմ, այդպես Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի կազմ: Ես պնդում եմ, որ դա տեղի կունենա շատ ավելի վաղ, քան ոմանք են ենթադրում», - հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը և ավելացրել. - «Վաղ թե ուշ Ռուսաստանը ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ դա կլինի տնտեսական վիճակի բերումով, երբ որևէ բնականոն զարգացում այլևս անհնար կդառնա»։