Անցյալ տարվա սեպտեմբերից Ադրբեջանում սկսված արժութային տենդը շարունակվում է: Չնայած Արդբեջանի Կենտրոնական բանկի լավատեսական հայտարարություններին՝ բանկային համակարգում առաջացած խնդիրներն առավել քան ակնհայտ են դրանք թաքցնելու համար:
Այսպես, 2015 թվականի հուլիսին Ադրբեջանի կենտրոնական բանկի արժութային պահուստներն այս տարվա հունիսի համեմատ կրճատվել են 18.7 մլիլոն դոլարով, իսկ տարվա սկզբից ԿԲ արժութային պահուստները կրճատվել են 5.26 մլն դոլարով, գրում է haqqin.az-ը:
Կենտրոնական բանկը ստեղծված դրությունը բացատրում է նրանով, որ հիմա արձակուրդների ժամանակահատված է, և արտերկիր գնալու համար հանգստացողներին արտարժույթ է պետք: Իհարկե նման բացատությունը կարելի է սպառիչ համարել, սակայն մտահոգիչ իրավիճակ է նաև Ադրբեջանի դրամային բազայում (մակրոտնտեսական ցուցանիշ, որը ցույց է տալիս շրջանառության մեջ գտնվող դրամային միջոցների քանակը): Չնայած մայիսին այս ցուցանիշը 2014 թվականի սեպտեմբերից առաջին անգամ աճ էր գրանցել, սակայն հունիս-հուլիս ամիսներին շարունակում է անկում ապրել: Ընդհանուր առմամբ վերջին 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի դրամային բազան նվազել է 35 տոկոսով՝ հասնելով 2011 թվականի նոյեմբերի մակարդակին:
Ադրբեջանի տնտեսությունում առկա լուրջ խնդիրների մասին է վկայում նաև ադրբեջանցիների կողմից բանկերից վերցված վարկերը հետ չվերադարձնելը: Միայն 2014 թվականին դատական կարգով բանկերը հետ են ստացել 113 միլիոն մանաթ ժամկետանց պարտք: Հաշվի առնելով երկրում ինֆլյացիայի մակարդակը և տնտեսական դժվարությունները, ինչպես նաև բանկերին պարտքերը հետ վերադարձնելու մեջ մասնագիտացած տարաբնույթ գործակալությունների հայտնվելը՝ 2015 թվականին այս թիվն անշուշտ կմեծանա:
Համաշխարհային բանկն իր հերթին զգուշացնում է, որ Ադրբեջանի ֆինանսական համակարգում իրավիճակի բարելավում չի սպասվում:
ՀԲ օրերս հրապարակել է Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակային փաստաթուղթը, որում Ադրբեջանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներն այդքան էլ հուսադրող չեն: Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի բյուջեի եկամուտների և ծախսերի տարբերությունը կլինի բացասական՝ 2015 թվականի կազմելով ՀՆԱ-ի -5,1 տոկոսը: Համաշխարհային բանկը նաև զգուշացնում է, որ ինֆլյացիան երկրում կշարունակվի և 2015 թվականին կկազմի 10 տոկոս:
Ավելացնենք, որ ադրբեջանական իշխանությունները, որոնք բոլոր հնարավոր առիթների ժամանակ շեշտում են իրենց հաջող տնտեսական քաղաքականության և զարգացող տնտեսության մասին, ամեն կերպ փորձում են թաքցնել երկրի ֆինանսական համակարգում ստեղծված իրավիճակը: Վերջերս Բաքուն արգելել էր Համաշխարհային բանկին հրապարակել Ադրբեջանի ֆինանսական համակարգի վերաբերյալ գնահատականներ պարունակող տեղեկություններ: