Ստամբուլի դատախազությունը հրապարակել է Սելիմ Քիրազին պատանդ վերցնելու կապակցությամբ ահաբեկչական գործողություններ քարոզելու գործի վերաբերյալ դատավճիռը, որը 7.5-ական տարվա ազատազրկում է սահմանում 18 լրագրողների համար, տեղեկացնում է Hurriyet-ը:
Հիշեցնեք, որ մարտի 31-ին «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն» ձախակողմյա ծայրահեղական խմբավորման զինյալները Ստամբուլի արդարադատության պալատում պատանդ էին վերցրել դատախազ Սելիմ Քիրազին՝ պահանջելով ձերբակալել 2013 թվականի փողոցային անկարգությունների ժամանակ 15-ամյա Բերկին Էլվանի մահվան մեջ մեղավոր ոստիկաններին:
Լուսաբանելով այս միջադեպը՝ թուրքական լրատվամիջոցները հրապարկում էին պատանդ վերցված դատախազ Քիրազի լուսանկարը, որը արել և համացանցում տարածել էին ծայրահեղական խմբավորման անդամները: Մեղադրական ակտի համաձայն՝ լրագրողներն այդպիսով փորձել են ահաբեկչական կազմակերպությանը ներկայացնել «ուժեղ և ընդունակ վճռական գործողությունների»: Լրագրողները հերքում են այս մեղադրանքը՝ նշելով, որ այդ լուսանկարի հրապարակմամբ իրենք ցանկացել են ցույց տալ ահաբեկչության «զզվելի դեմքը»:
Սակայն թուրքական արդարադատության համար նման պատճառաբանությունը համոզիչ չէ: Թուրքիայում, որը երբեք աչքի չի ընկել խոսքի ազատությունը հարգելու ավանդույթով, 2013 թվականի կոռուպցիոն սկանդալից հետո ցանկացած առիթ օգտագործվում են լրագրողների և բլոգերների դեմ դատական գործ հարուցելու համար: Լրագրողների թուրքական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Մուստաֆա Քուլելի փոխանցմամբ՝ 2013 թվականից ի վեր ավելի քան 100 գործ է հարուցվել 60 լրագրողների դեմ՝ կառավարության կողմից լրագրողներին ահաբեկելու քաղաքականության շրջանակներում:
Նշենք, որ Freedom House-ի 2015 թվականի խոսքի ազատության զեկույցում Թուրքիան ընդգրկված է «ոչ ազատ» երկրների խմբում: Զեկույցում նշվում է նաև, որ լրատվամիջոցները և դատական իշխանությունները բախվել են «օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից միջամտության ուժեղացման հետ՝ իրականացնելով ձերբակալությունների և խուզարկությունների մի ամբողջ շարք ուղղված Էրդողանի քաղաքական ընդդիմության հետ կապված լրագրողների դեմ»:
Միջազգային իրավապաշտպան մեկ այլ՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսքի ազատության ամենամյա զեկույցում Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցնում է 149-րդ հորիզոնականում:
Նման պայմաններում Թուրքիայում նման դատավճռի կայացումը, որն անհեթեթ է թվում ցանկացած քաղաքակիրթ երկրում, միանգամայն բնական երևույթ է: