Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը, որը տեղակայված է Հայաստանում, 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով բաց դատական նիստը նշանակել է օգոստոսի 12-ին: Այս մասին հայտնել է Հյուսիս-կովկասյան շրջանային ռազմական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կածկալոն, տեղեկացնում է PanArmenian.net-ը:
Դատարանը նաև երկարացրել է Պերմյակովի կալանքի տակ գտնվելու ժամկետը մինչև 2016–ի հունվարի 30-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուս զինծառայողին մեղադրանք է ներկայացված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ՝ զենքով դասալքություն, զենքի և զինամթերքի գողություն, զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, պահպանում, տեղափոխություն և կրում: Նշված մեղադրանքներով վճռի կայացումից հետո Պերմյակովը կփոխանցվի հայկական կողմին: Նշենք, որ նրա նկատմամբ հայկական կողմը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն):