ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառվել է Հիսուս Քրիստոսի մկրտման վայրը: Քրիստոնյաների գլխավոր սրբատեղիներից մեկը գտնվում է Բեթանիայում` Հորդանան գետի հովտում̦ ներկայիս Հորդանան պետության տարածքում: Այն կրոնական, մշակութային և պատմական մեծ նշանակություն ունի:
«Մկրտման վայրը քրիստոնայների համար համարվում է կրոնական ուխտագնացության կարևորագույն օբյեկտներից մեկը: Այստեղ Հովհաննեսը մկրտել է Հիսուս Քրիստոսին: Այս վայրը նաև Վատիկանի կողմից հայտարարվել է Հորդանանում 5 սրբատեղիներից մեկը», - ասել է Աբեդ Ալ-Ռազակ Արաբիյաթը` Հորդանանի զբոսաշրջության վարչության ղեկավարը: TRN-News-ը նշում է, որ Հորդանանի իշխանությունների կարծիքով այս քայլը նպաստում է երկրում զբոսաշրջության ակտիվացմանը, որը տարածաշարջանում այսպես կոչված «արաբական գարնան» սկսվելուց հետո զգալի անկում է ապրել:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառվում են այն օբյեկտները, որոնք առանջնահատուկ կրոնական, մշակութային կամ էկոլոգիական նշանակություն ունեն: Սրա գլխավոր նպատակն է պահպանել այս կառույցները և ավելի հանրաճանաչ դարձնել: 2014 թվականի տվյալներով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 1007 կառույցներ են ներառված, այդ թվում Թաջ Մահալը Հնդկաստանում, Վերոնա քաղաքն Իտալիայում, Կրեմլը Ռուսաստանում և այլն:
Հայկական կոթողներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված են Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ եկեղեցիները, Զվարթնոցի տաճարի ավերակները, Գեղարդն ու Ամադու կիրճը: