Ուղիղ 70 տարի սրանից առաջ՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչը ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա նետեց մարդկության պատմության առաջին ատոմային ռումբը, որն ընդամենը վայրկյանների ընթացքում սպանեց շուրջ 70 000 մարդ:
Ճապոնիայում այսօր անցկացվում են սգո միջոցառումներ՝ նվիրված ռմբակոծության 70-րդ տարելիցին։ երկրի վարչապետ Սինձո Աբեն, ինչպես նաև 100 երկրներից ժամանած պաշտոնական ներկայացուցիչներ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, ընդ որում ժամը ուղիղ 8։15-ին՝ հենց այն պահին, երբ 1945-ին նետվել է ռումբը:
Սինձո Աբեն միջոցառման ժամանակ հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերին Տոկիոն քննարկման է դնելու համապատասխան բանաձևի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում:
«Մենք կհամագործակցենք ինչպես միջուկային, այնպես էլ ոչ միջուկային երկրների հետ: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի առաջիկա նիստում մենք մեր վճռականությունը ցույց տալու համար կառաջարկենք միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելու բանաձև քննարկել»,- հայտարարել է Աբեն:
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այս առիթով ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես նշված է, որ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների մասին հիշողությունը, որը պահպանում են այդ քաղաքների բնակիչները և այդ ողբերգությունից հետո ողջ մնացածները, պետք է հիշեցնի միջուկային զենքից հրաժարվելու անհրաժեշտության մասին:
«Ես երախտապարտ եմ հիշատակի միջոցառումների կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր հավաքվել են այսօր: Այդ հիշողությունը պետք է արտացոլվի աշխարհի բոլոր քաղաքներում՝ մարդկությանը հիշեցնելով ատոմային զենքի մեկընդմիշտ չեզոքացման անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին»,- ասել է Պան Գի Մունը:
Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուին ևս իր կողմից կոչ է արել բոլոր պետություններին ամբողջությամբ ոչնչացնել միջուկային զենքը։
Հիշեցնենք նաև, որ առաջին պայթյունից ընդամենը երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, Միացյալ նահանգները երկրորդ ատոմային ռումբը նետեցին այս անգամ ճապոնական Նագասակի քաղաքի վրա, ինչն էլ իր հերթին հանգեցրեց մոտ 70.000 մարդու մահվան։
Չհաշված 70-ամյա վաղեմության դառը հիշողություններն ու չապաքինվող վերքերը՝ այսօր՝ 21-րդ դարում արդեն, ԱՄՆ-ը և Ճապոնիան բավական բարիդրացիական հարաբերություններ ունեն և համագործակցում են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Բավական է նշել միայն, որ ընդամենը մեկ օր առաջ՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկկողմ հանդիպման ժամանակ հաստատեցին ևս մեկ բնագավառում միասին համագործակցելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Բանն այն է, որ արտգործնախարար Կիսիդան և պետքարտուղար Քերին համատեղ ուժերով են պատրաստվում թուլացնել հարավ-չինական ծովի լարվածությունն ու պայքարել հյուսիս-կորեական միջուկային ծրագրի սպառնալիքի դեմ:
Երկու կողմերն ընդգծել են նաև տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության ամրապնդման ու խորացման կարևորությունը: