Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև Արցախի մասին խոսելիս հաճախ շփոթություն է առաջանում՝ կապված առավել նպատակահարմար և կոռեկտ տերմինաբանության կիրառման հետ։ Նման խնդրահարույց հարցերից մեկը տարածքների «բնորոշումն» է։
«Ազատագրվա՞ծ տարածքներ», «անվտանգության գոտի՞», որևէ ա՞յլ անվանում, թե՞ «ԼՂՀ շրջաններ»։
Այս խնդիրն առաջանում է նախին ԼՂԻՄ-ի հարակից շրջանների մասին խոսելիս։
Այս տարածքներն այսօր ԼՂՀ անբաժան մաս են, ինչն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությամբ, և ընդգրկված են ԼՂՀ վարչատարածքային բաժանման մեջ։ ԼՂՀ-ն ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի, Շուշիի, Ստեփանակերտի (քաղաք-շրջան) և Քաշաթաղի շրջանները։ Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գրավվել են և այսօր էլ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում բուն Շահումյանի շրջանը՝ 22 գյուղ (17 համայնք), ինչպես նաև Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ տարածքներ։
Ավելին, Արցախն այսօր մեծ աշխատանք է տանում այդ շրջանները բնակեցնելու, դրանց տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ Ի վերջո, մեծացել է արցախյան մի ողջ «անկախության սերունդ», որի համար այդ տարածքներն իրենց հայրենիքն են։
«Ազատագրված տարածքներ» կամ որևէ այլ եզրույթի օգտագործումը տարանջատում է մտցնում ԼՂՀ շրջանների միջև՝ առանձնացնելով ԼՂԻՄ նախկին տարածքը և հարակից շրջանները։ Բացի այդ, նման տերմինաբանության կիրառումը հնարավորություն չի տալիս ձերբազատվել Արցախը միայն հակամարտության հետ ասոցացնելուց, մինչ դեռ ԼՂՀ-ն զարգացող պետություն է, որը պետք է ընկալվի և միջազգային հանրության ընկալումների մեջ էլ ամրապնդվի առաջին հերթին որպես կայացող պետություն և ոչ ճգնաժամանային գոտի։ Բացի այդ, ԼՂՀ ներկայիս վարչատարածքային բաժանումը նույնությամբ չի համապատասխանում նախկին ազատագրված շրջանների աշխարհագրական սահմաններին, և նախկին շրջանների անվանումների կիրառումն ընկալումների մեջ շփոթ է առաջացնում։
Ուստի, առավել նպատակահարմար է բոլոր հնարավոր դեպքերում կիրառել դրանց ներկայիս անվանումները՝ ըստ վարչատարածքային բաժանման և դիտարկել որպես ԼՂՀ հավասարազոր շրջաններ։