Եգիպտոսում օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Սուեզի ջրանցքի նոր հունի բացման հանդիսավոր արարողությունը: Եգիպտոսի ռազմական նավատորմի ռազմանավերը, ուղղաթիռների ու մարտական ինքնաթիռի ուղեկցությամբ անցնելով ջրանցքով՝ նոր հունը նավարկելիության համար ազդարարեցին բացված: Նավատորմին առաջնորդում էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի զբոսանավը։ Նշենք, որ դա այն նույն զբոսանավն էր, որով 1869 թվականին Եգիպտոսի խեդի Իսմայիլը եվրոպացի բարձրաստիճան հյուրերի հետ առաջին անգամ անցավ Միջերկրականը Կարմիր ծովին կապող ջրանցքով:
Ջրանցքի արդիականացման մասին եգիպտական իշխանությունները որոշում էին ընդունել 2014 թվականի օգոստոսի 5-ին: Չնայած, որ փորձագետները համոզած էին, որ նման նախագծի իրականացման համար կպանաջվի առնվազն 3 տարի, սակայն նախագահ աս Սիսիի որոշմամբ ծրագրի իրականացման ժամկետը սահմանվեց մեկ տարի: Արդյունքում եգիպտացիներին հաջողվեց ռեկորդային ժամանակահատվածում կյանքի կոչել նման հսկայական ծրագիր: Համեմատության համար նշենք, որ Կարիբյան ծովը Խաղաղ օվկիանոսին կապող Նիկարագուայի ջրանցքը, որի կառուցման աշխատանքերը սկսվել են 2014 թվականին, նախատեսվում է շահագործման հանձնել միայն 2019 թվականին, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել միայն 2023-ին:
Ջրանցքի նոր հունի կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է բավականին կարճ ժամանակահատվածում՝ երկրի քաղաքացիների շրջանում տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով 5 տարի ժամկետով պետական պարտատոմսերի վաճառքի միջոցով: Նախագծի իրագործումը Եգիպտոսի համար արժեցել է 8.5 միլիարդ դոլար։
Նախատեսվում է, որ նոր ճյուղը ջրանցքի օրական թողունակությունը 49 նավից հասցնելու է մինչև 97 նավի: Կահիրեում հուսով են, որ Սուեզի ջրանցքի ամբողջ համալիրի գործարկումից ստացված հասույթն առնվազն կեռապատկվի մինչև 2023 թվականը և կգերազանցի տարեկան 15 միլիարդ դոլարը: Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ Սուեզի ջրանցքի նոր ճյուղի կառուցումն անհրաժեշտ է եղել երկրին՝ մի քանի տարվա քաղաքական ու տնտեսական անկայունությունից հետո տնտեսական զարգացման համար։ Այս առումով հարկ է նշել, որ ջրանցքի նոր հունի բացումն ունի քաղաքական մեծ նշանակություն: Ընդհանրապես ցանկացած նմանատիպ խոշոր նախագծի իրականացումը բարձրացնում է տվյալ երկրի իշխանությունների հեղինակությունը: Եգիպտական իշխանությունների համար բնակչության շրջանում ամուր հեղինակություն ունենալը 2011 թվականին Մուբարաքի տապալումից հետո դարձել է առաջնային խնդիր: Եվ կարել է ասել, որ Սուեզի ջրանցքի նոր հունի շահագործմամբ աս Սիսիին հաջողվեց որոշ չափով մեծացնել բնակչության շրջանում իր հեղինակությունը: Այս մասին վկայում են նախօրեին Կահիրեում և եգիպտական այլ քաղաքներում տեղի ունեցած ժողովրդական տոնակատարությունները:
Նշենք, որ Սուեզի ջրանցքը մեծ նշանակություն ունի ոչ միայն Եգիպտոսի, այլ նաև այն բոլոր երկրների համար, որոնց նավագնացությունը այս կամ այն կերպ կապված է Հնդկական օվկիանոսից Ատլանտյան անցնելու հետ: Իսկ 1869 թվականին կառուցված Սուեզի ջրանցքը այսօր էլ շարունակում է մնալ միջազգային ջրային կարևոր զարկերակ՝ ապահովելով համաշխարհային բեռնափոխադրումների 7 տոկոսը։