Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն այնպես է պահում կարծես խոսքի ազատությունը և մարդու իրավունքները մարնուքներ են, մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ Ադրբեջանում ստեղծված «բարդ իրավիճակի» մասին իր խմբագրական հոդվածում գրում է The Washington Post թերթը:
Այս հոդվածն իհարկե վրդովմունք է առաջացրել Բաքվում: Իր հասցեին հերթական քննադատությունը վերջինս պայմանավորում է ամերիկյան պարբերականին «ծախու» լինելու և Սպիտակ տան քաղաքական պատվերը կատարելու հետ:
Սակայն Բաքվի արձագանքն այս դեպքում այդքան էլ կարևոր չէ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ալիևի բռնապետական և կոռումպացված վարչակարգը վախենում է իր օրինախախտումները բարձրաձայնող քաղաքացիական հասարակությունից: Քննդատության ձայնը լռեցնելու Բաքվի քաղաքականության արդյունքում այժմ Ադրբեջանի ակնառու իրավապաշտպանները և ընդդիմադիր լրագրողները կա՛մ բանտում են, կա՛մ էլ փախել են երկրից:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով հերթական լսումները՝ չնայած, որ մեղադրյալների առողջական վիճակը բավականին ծանր էր: Նախորդ լսումների նման այս մեկն էլ անցավ փակ դռների հետևում, ավելին՝ սահմանափակվեց արևմտյան դիվանագետների մուտքը դատարանի դահլիճ: Հատկանշական է, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մեղադրող կողմի վկաններից և ոչ մեկը չի հաստատել Լեյլա և Արիֆ Յունուսների կողմից մեքենայություններ կատարելու մեղադրանքը:
Նախորդ շաբաթ դատական լսումները շարունակվեցին մեկ այլ «դավաճանի»՝ Խադիջա Իսմաիլովայի գործով ևս: Չնայած, որ դատական գործընթացքը «բաց և թափանցիկ» բնույթ էր կրում՝ դատարանի դահլիճ չկարողացան մուտք գործել մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դատական գործընթացին չխոչընդոտելու նկատառումերով լսումներին չէր մասնակցում նաև այս գործով տուժող կողմը:
Այս կապակցությամբ «Freedom House» միջազգային իրավապաշտան կազմակերպության ղեկավար Մարկ Լագոնը նշել է, որ Ադրբեջանում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը անհրաժեշտ ճնշում չի գործադրում վերջինիս վրա: «ԱՄՆ-ը կռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների դեպքում պատժամիջոցներ կիրառելու հստակ մեխանիզմներ ունի: Հիմա այդ պատժամիջոցերը կիրառելու ամենահարմար ժամանակն է»,- նշել է Լագոնը:
Նշենք, որ վերջին շրջանում միջազգային հանրությունը և հատկապես իրավապաշտպան կազմակերպությունները սկսել են հաճախակի անդրադառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին: Արդյունքում, լռեցնելով քննադատների ձայները երկրի ներսում, ադրբեջանական իշխանությունները առճակատվել են միջազգային քննադատության հետ, որի դեմ թերևս ի զորու չեն պայքարել: