Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ստարոգնատովկա գյուղի մերձակա կարևոր բարձրունքների գրավման մասին: Ուկրաինական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զինված բախումները հրահրել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության զորքերը: Սակայն ԴԺՀ-ն հերքում է այս տեղեկությունները՝ իր հերթին Կիևին մեղադրելով Մինսկի պայմանավորվածությունների խախտման մեջ: «Կիևը մեզ մեղադրում է հարձակում սկսելու մեջ, մինչդեռ ինքը հայտարարում է ռազմավարական բարձունք գրավելու մասին»,- ընդգծում է ԴԺՀ ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը՝ հավելելով, որ ուկրաինական զորքերը նախօրեին երկարատև կրակահերթերի են ենթարկել Գորլովկան և Բելոկամենկան:
Ուկրաինայի արևելքում լարվածության մեծացման մասին վկայում է նաև օգոստոսի 9-ին Դոնեցկում ԵԱՀԿ դիտորդական առաքելության չորս զրահապատ մեքենաների հրկիզումը և ևս 6-ի վնասումը: Ինչպես և կարելի էր ակնկալել, հակամարտության կողմերը սկսել են հնչեցնել փոխադարձ մեղադրանքներ: Դոնեցկի իշխանությունները հայտարարել են, որ միջադեպը կազմակերպվել է ուկրաինական հատուկ ուժերի կողմից՝ իրավիճակն ապակայունացնելու և ԴԺՀ-ին Մինսկի պայմանավորվածությունների չկատարման մեջ մեղադրելու նպատակով:
Կիևն իր հերթին նշում է, որ միջադեպը կազմակերպվել է Դոնբասի իշխանությունների կողմից և արտացոլում է տարածաշրջանից միջազգային դիտորդական առաքելությունները հեռացնելու Ռուսաստանի ցանկությունը: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ միջադեպի նախօրեին ԵԱՀԿ դիտորդական առաքելության նստավայրի մոտ Դոնեցկի բնակչությունը բողոքի ակցիա էր կազմակերպել:
Բավական հետաքրքիր է նաև շրջանառվող մեկ այլ տարբերակ, որի համաձայն՝ հրկիզումը իրականացվել է հենց ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից՝ իրենց որպես իրավիճակի զոհ ներկայացնելու համար: Նման վարկածի կողմնակիցները որպես փաստարկ նշում են, որ դիտորդական առաքելության ձախողումն ակնհայտ է, քանի որ վերջինիս չի հաջողվել էականորեն կայունացնել իրավիճակն Ուկրաինայի արևելքում կամ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Չնայած հնչող մեղադրանքներին, մեկ բան ակնհայտ է՝ լարվածությունն աճում է: Լարվածության հետ մեկտեղ աճում է նաև զինված բախումների վերսկսման հավանականությունը: Օրինակ՝ միայն օգոստոսի 9-ին հրադադարի ռեժիմը խախտվել է 127 անգամ: Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ միջազգային կառույցները և հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված երկրները պետք է փորձեն առավել արդյունավետ մեխանիզմներ գտնել՝ ուկրաինական հակամարտության հաղթահարման համար: