Հունաստանն ու իր վարկատուները վերջնական համաձայնության են եկել բազմամիլիարդանոց նոր պայմանագրի շուրջ, որը եվրագոտում կպահի Հունաստանը, ինչպես նաև կկանխի երկրի սննկացումը:
«Վերջապես ձեռք բերվեց պայմանավորվածությունը: Որոշ փոքր մանրամասներ են միայն մնացել քննարկելու», - նշել է Հունաստանի ֆինանսների նախարար Էուկլիդ Ցակալոդիսը՝ ողջ գիշեր տևած բանակցությունների ավարտից հետո, փոխանցում է The Greekreporter-ը:
Այն բանից հետո, երբ օրինագիծը կհաստատվի հունական խորհրդարանում, այն պետք է ուղարկվի ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարներին, ովքեր էլ համապատասխանաբար պետք է հաստատեն դրանք իրենց ազգային խորհրդարաններում:
Նշենք, որ այդ համաձայնագիրը կնքելու համար վարչապետ Ցիպրասը քիչ ջանք չի գործադրել և նախորդ ամբողջ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագացնել բանակցությունները, և երեքշաբթի օրն արդեն համաձայնագիրը ստորագրել:
Համաձայն The Telegraph-ի՝ Գերմանիայի կառավարությունն, ի տարբերություն Ֆրանսիայի և այլ ԵՄ երկրների կառավարությունների, չափազանց կոշտ դիրքորոշում է ցուցադրել Հունաստանի հանդեպ՝ հայտնելով, որ Աթենքին կատարած ցանկացած վճարում պետք է պայմանավորված լինի վարկատուների հետ վերջնական համաձայնեցված բարեփոխումների կատարման աստիճանի հետ:
Իսկ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոեբլն իր հերթին նշել է, որ Բեռլինն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրելու է պայմանագրի բոլոր փաստաթղթերը՝ մինչ դրանք գերմանական խորհրդարանում քվեարկության դնելը:
Կասկած չկա, որ այդ համաձայնագիրը թե՛ սոցիալապես, թե՛ քաղաքականապես ցավոտ կլինի հունական կառավարության համար: Սակայն, մյուս կողմից, ցանկացած այլընտրանքային տարբերակ կարող էր բացարձակապես աղետալի լինել երկրի համար՝ իր ներկայիս տնտեսության պարագայում: Անորոշությունը երկրի ներսում և դրանից դուրս պետք է ի վերջո իր ավարտին մոտենար: Ո՛չ երկիրը, ո՛չ էլ հունական հասարակությունն այլևս ի վիճակի չեն հետագա արկածների բախվել: