Մեծ Բրիտանիայում ավելի քան 40 հազար մարդ ստորագրել է խորհրդարանի կայքում տեղադրված խնդրագիրը, որը պահանջում է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նշենք, որ վերջինս սեպտեմբերին պետք է մեկնի Լոնդոն: Ինչպես հայտնում է Nersru.com-ը, խնդրագրի նախաձեռնողը Դեմիեն Մորանն է, ով կոչ է անում ձերբակալել Նեթանյահուին, քանի որ նրա կարծիքով Իսրայելի վարչապետը միջազգային իրավունքի համաձայն պետք է պատասխանատվության ենթարկվի՝ որպես ռազմական հանցագործ, ով մեղավոր է 2014 թվականին Գազայի հատվածում ավելի քան 2000 պաղեստինցիների մահվան համար:
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 2000 մարդ է սպանվել, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել: Իսրայելն էլ պնդում է, որ զոհվածներից գրեթե 1000-ը զինյալներ են եղել` միաժամանակ մեղադրելով ՀԱՄԱՍ-ին խաղաղ բնակիչների մահվան համար:
Ըստ բրիտանական օրենսդրության՝ այն առցանց խնդրագրերը, որոնք ավելի քան 10 հազար ստորագրություն են հավաքում, պետք է պաշտոնական մեկնաբանություն ստանան բրիտանական կառավարությունից: Իսկ եթե ստորագրությունների թիվը գերազանցի 100 հազարը, ապա խնդրագիրը պետք է քննարկման դրվի խորհրդարանում:
Իսրայելի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ այս խնդրագիրն «անիմաստ PR ակցիա է»` նշելով, որ Իսրայելի և Մեծ Բրիտանիայի միջև երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն եղել:
Բացի այդ, NEWSru Israel-ը հիշեցնում է, որ միջազգային օրենքների համաձայն՝ վարչապետի պաշտոնը դիվանագիտական իմունիտետ է ապահովում Նեթանյահուին, հետևաբար, Իսրայելի վարչապետին չի սպառնում իրական ձերբակալության վտանգը: