Արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը խնդրանքով դիմել են լրատվամիջոցներին: Նրանք ուզում են, որ պապարացիները դադարեն հետապնդել իրենց որդուն` արքայազն Ջորջին, ով դարձել է լրատվամիջոցների «համար մեկ թիրախը»: Արքայական զույգը մտահոգություն ունի, որ «լրատվամիջոցների հետապնդումները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել իրենց համար»: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Ամուսինները զգուշացնում են, որ լրատվամիջոցներն արդեն հատում են բոլոր սահմանները:
Հայտարարության մեջ նշվում է, որ պապարացիներն արքայազն Ջորջին իրենց տեսադաշտում պահելու համար ամենատարբեր հուսահատ քայլերի են դիմում: Օգոստոսին մի լուսանկարիչ գրեթե ամբողջ օրը հետապնդել է արքայազն Ջորջին, ով իր դայակի հետ դուրս է եկել զբոսնելու մանկական խաղահրապարակում: Լուսանկարչին, ի վերջո, հայտնաբերել են և ձերբակալել: Ինչպես նշվում է արքայական ընտանիքի հայտարարության մեջ, սա միակ նմանատիպ դեպքը չէ: Հետևաբար, նրանք խնդրում են հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը:
Ամուսինները չեն ցանկանում, որ իրենց երեխաները մեծանան «բացառապես պալատի դարպասների ներսում»: Նրանք ուզում են, որ իրենց երեխաները կարողանան ազատ խաղալ հանրային վայրերում և չենթարկվեն լուսանկարիչների հետապնդումներին:
Արքայազն Ուիլիամը նաև մտահոգություն ունի, որ պատմությունը կարող է կրկնվել: Նա չի ցանկանում, որ լրատվամիջոցները ներխուժեն իր երեխաների կյանք̦ ինչպես դա տեղի ունեցավ իր մոր` արքայազն Դիանայի հետ: The Telegraph-ը գրում է, որ Ուիլիամի կարծիքով Փարիզի պապարացիները մեղավոր են 1997 թվականին իր մոր մահվան մեջ:
Արքայական ընտանիքի մամլո խոսնակը հույս է հայտնել, որ լրագրողները լրջորեն կմոտենան այս խնդրանքին, և զույգը ստիպված չի լինի նման խնդիրների կարգավորման համար դիմել իր փաստաբաններին: