ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատ հետխորհրդային երկրներ սկսեցին զարգացնել իրենց սեփական սահմանադրությունը՝ միևնույն ժամանակ ստեղծելով անկախ երկրներ: Փոխվում էին համակարգերը, սկզբունքները, զարգացման մոդելները: Եվ հետխորհրդային երկրների հիմնական փոփոխությունները հիմնարար օրենքներում բաժին ընկան անցյալ դարի 90-ականների կեսերին:
2015 թվականին լրանում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ղազախստանի հիմնարար օրենքի ընդունման 20-րդ տարելիցը: Եվ եթե այսօր Հայաստանը գտնվում է սահմանադրական հերթական բարեփոխումների եզրին, Ղազախստանում այս 20 տարիների ընթացքում Սահմանադրության փոփոխություններ և լրացումներ կատարվել են երեք անգամ:
«Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերել են պառլամենտարիզմի, ընտրական օրենսդրության խնդիրներին, պետության ղեկավարի լիազորությունների փոխանցմանը խորհրդարանին (այս գործընթացը մշտապես ընթացքի մեջ է): 2007 թվականին փոխվել է նախագահական լիազորությունների ժամկետը. այն երկարաձգվել է մինև 7 տարի: Ներկայումս այդ ժամկետը 5 տարի է, սակայն դա չի տարածվում առաջին նախագահի լիազորությունների վրա», - «Արմեդիա» ՏՎԳ-ին ներկայացրել է Ղազախստանի Սահմանադրական խորհրդի անդամ Ամանժոլ Նուրմագամբետովը:
Մեկ այլ սահմանադրական փոփոխություն է սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմնի փոխարինումը. այժմ Ղազախստանում Սահմանադրական դատարանի փոխարեն գործում է Սահմանադրական խորհուրդ, որը բաղկացած է 7 անդամից: «Հաշվի առնելով այն փաստը, որ մեր Սահմանադրության հիմքը կազմում է Ֆրանսիայի Սահմանադրությունը, որոշում է կայացվել ստեղծել Սահմանադրական խորհուրդ՝ ծավալուն ուժերի լիազորություններով: Այն համապատասխանում է մեր երկրում ծառացած իրողություններին և Ղազախստանի Հանրապետությունում ապահովում է բավարար մակարդակի սահմանադրական վերահսկողություն: Մեր իշխանությունների շրջանակային սուբյեկտները հստակ սահմանված են. դա պետության ղեկավարն է, խորհրդարանի պալատների նախագահները (մեզ մոտ երկպալատ խորհրդարան է), երկու պալատների պատգամավորների կես մասը, վարչապետը և դատարանները », - պարզաբանում է պարոն Նուրմագամբետովը:
Սակայն, Սահմանադրությունը և գրված օրենքները մեկ բան են, իսկ այդ օրենքների մեխանիզմը մեկ այլ բան է: Ղազախստանի ստրատեգիական «100 քայլ հանուն ապագայի» ծրագրում հատուկ տեղ է հատկացվում մարդու իրավունքների և դրա պաշտպանության մեխանիզմների սահմանադրության կողմից ապահովմանը: «Մարդն այն արևն է, որի շուրջ պետք է պտտվի պետությունը, նրա մարմինները, յուրաքանչյուր պաշտոնյա: Ոչ թե մարդը պետք է ծառայի պետությանը, այլ պետությունը պետք է հոգ տանի բոլորի համար: Այժմ մեր պարտականությունն է, որ Ղազախստանի յուրաքանչյուր քաղաքացի, որոնց թիվը հասնում է 17.5 միլիոնի, պահի այս ճշմարտությունն իր սրտում: Եվ այդ ժամանակ մեզ մոտ չի լինի այն, ինչ տեսնում ենք այսօր Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, նույնիսկ բարգավաճ Եվրոպայում»,- «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Ղազախստանի Սենատի 4-5 գումարումների պատգամավոր Անատոլի Բաշմակովը:
Հարկ է նշել, որ Ղազախստանում պատմում են նաև հայ գործընկերների հետ համագործակցության մասին: Այսպիսով, Ղազախստանի «Սահմանադրական արդարադատություն» ամսագիրը հրատարակվում է Հայաստանում: Սահմանադրական դատարանի ներկայացուցչի խոսքերով՝ առկա են կանոնավոր շփումներ, փոխադարձ այցելություններ, կարծիքների փոխանակում և համագործակցություն: «Կարծում եմ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը հետխորհրդային տարածաշրջանի առավել շատ որակավորում ունեցող դատարաններից մեկն է», - ասել է Ամանժոլ Նուրմագամբետովը:
Այսօր, Ղազախստանում նաև ուշադիր հետևում են Հայաստանի սահմանադրական փոփոխությունների քննարկումներին: Չնայած նրան, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման ուղին ունի, այնուամենայնիվ, հաշվի առնելով ներկայիս ինտեգրման գործընթացը, ցանկացած փոփոխություն ցանկացած երկրում ԵԱՏՄ շրջանակներում կունենա իր հետքն ու ազդեցությունը համագործակցության զարգացման վրա: