Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հավանություն է տվել երկրում ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների խստացմանը, փոխանցում BBC-ն։ Այդ քայլը պատասխան է դարձել իսլամիստական խմբավորումների գործունեության ակտիվացմանը։
Համաձայն նոր օրենքի՝ նրանց, ովքեր մեղավոր կճանաչվեն ահաբեկչական խմբավորման կազմակերպման և ղեկավարման համար, սպառնում է մահապատիժ կամ ցմահ ժամկետ։
Ահաբեկչական գործունեությանը մասնակցելու համար նախատեսվում է 10 տարվա ազատազրկում։ Ենթադրյալ գրոհայինների դեմ դատերը կանցկացվեն արագացված ընթացակարգով։
Վերջին տարիներին Սինայի թերակղզում իսլամիստների հարձակումների հետևանքով զոհվել են եգիպտական անվտանգության ծառայությունների հարյուրավոր աշխատակիցներ։
Երկրում գործող ջիհադիստական խմբավորումներից առավել ակտիվը հավատարմության երդում է տվել ԻՊ-ին։