ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետի հետ առաջիկայում կքննարկի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում Չինաստանի ներգրավվածության հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Բազե» ամենամյա հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Սեպտեմբերին կայանալու է իմ այցը Չինաստան, որի ընթացքում էլ Չինաստանի վարչապետի հետ քննարկելու ենք այդ հարցը: Երկու երկրների նախագահների միջև վերջին հանդիպման ժամանակ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն: Այժմ պետք է տնտեսական առումով համաձայնության գանք Չինաստանի վարչապետի հետ` երկաթգծի հետ կապված որոշ խնդիրների լուծման հարցում»,- հայտնել է Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով` հայ-իրանական երկաթգիծը մեծ նշանակություն կունենա մեր երկրի համար, որը ճանապարհ կբացի դեպի ասիական շուկա, կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը:
«Դա նաև մեծ հնարավորություն կտա լուծել Հայաստանից ապրանքների արտահանման խնդիրները»,-նշել է վարչապետը: