Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ կապված օգոստոսի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մետվեդևի և այլ պաշտոնատար անձանց Ղրիմի ինքնավար հանրապետություն կատարած այցելության հետ, որն, ըստ ուկրաինական կողմի, պետք է համաձայնեցվեր իրենց հետ:
Ուկրաինայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի առաջին դեմքերի Ղրիմ այցելությունը միջազգային իրավունքի նորմերի և ուկրաինական օրեսդրության խախտում է, որի համար Ուկրաինայի օրենքները ենթադրում են պատասխանատվության ենթարկում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմ որակել է որպես ողջ քաղաքակիրթ աշխարհին ուղղված մարտահրավեր, որը կոչված է սրելու իրավիճակը: Պորոշենկոյի կարծիքով՝ Պուտինի այցը Ղրիմ նշանակում է թերակղզու հետագա ռազմականացում և մեկուսացման խորացում:
Նշենք, որ օգոստոսի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում անց է կացրել զբոսաշրջության հարցերով Պետական խորհրդի նախագահության նիստ, որի օրակարգում հիմնականում ներքին տուրիզմի զարգացման հարցերն էին: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Ղրիմում զբոսաշրջության զարգացմանը: Այս տարի ևս, հակառակ կանխատեսումների, Ղրիմում զբոսաշրջիկների թիվը բավականին քիչ էր, փոխարենն՝ առաջարկվող ծառայությունների գները երկու անգամ թանկ էին: Ղրիմի ինքնավարության նախագահը ոլորտի խնդիրների լուծման համար Ռուսաստանի նախագահին առաջարկեց հեշտացնել վիզայի տրամադրումը Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք զբաղեցնում էին Ղրիմում տուրիստական ոլորտի 70 տոկոսը:
Ղրիմում Ռուսաստանի նախագահը հանդիպում է ունեցել նաև ազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց շարքում իհարկե առանցքայինը Ղրիմի թաթարներն էին: Վերջիններս հանդիպման ընթացքում հաստատեցին իրենց հավատարմությունը տեղական իշխանություններին:
Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինի այս այցելությունը Ուկրաինայի արևելքում իրավիճակի նոր սրացման ֆոնին ցուցադրական քայլ էր, որով Մոսկվան Կիևին փորձում է հասկացնել, որ չի պատրաստվում քննարկել Ղրիմի հարցը և որ Ղրիմն այլևս Ռուսաստանի անբաժան մասն է:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն պաշտոնապես երկու անգամ այցելել է Ղրիմ: 2014 թվականի մայիսի 9-ին Սևաստոպոլում նա ընդունել է Հաղթանակին նվիրված ռազմածովային շքերթը, իսկ օգոստոսին Սևաստոպոլում անց է կացրել խորհրդակցութուն Ավտանգության խորհրդի անդամների հետ, հանդիպել է Յալթայի քաղաքային խորհրդի պատգամավորների հետ: