Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով դատական լսումները երեկ ուղեկցվել են բողոքի ակցիայով:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի մոտ են հավաքվել Իսմայիլովայի մի խումբ գործընկերներ և Ալիևի վարչակազմից պահանջել են ազատ արձակել երկրի ամենահամարձակ լրագրողին։
«Մենք որոշել ենք հավաքվել այստեղ՝ պահանջելու ազատ արձակել Խադիջային։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ քաղաքացիական հասարակության նկատմամբ հարձակումներին և ազատ արձակել ճաղերի հետևում պահվող քաղբանտարկյալներին ու իրավապաշտպաններին», - «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ ասել է ցույցի մասնակիցներից մեկը։
Իսմայիլովայի գործընկերները, իրավապաշտպանները և մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ դատական նիստին հնարավորություն չեն ունեցել մասնակցել։ Փոխարենը՝ դատարանի հրավերով նիստին է ներկայացել ոմն Ռամելա Հուսեյնովա, ով որպես վկա ցուցմունք է տվել Խադիջա Իսմայիլովայի դեմ, թեև Իսմայիլովան հայտարարել է, թե չի ճանաչում այդ կնոջը և նախկինում երբեք չի հանդիպել։
Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը` 39-ամյա լրագրողը, ում լրագրողական գործունեության թիրախում հիմնականում Ալիևների ընտանիքի բիզնեսների բացահայտումն է եղել և ով միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, Ադրբեջանի իրավապահների կողմից մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, հարկերից խուսափելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Բացի այդ, նա քննություն է անցնում նաև իր նախկին գործընկեր Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի հասցնելու գործով, թեև Մուստաֆաևը հետագայում հրաժարվել է ցուցմունքից՝ հայտարարելով, որ նման բողոք է ներկայացրել իրավապահների ճնշման ներքո։