4 տարի անց Մեծ Բրիտանիան մտադիր է կրկին բացել իր դեսպանատունը Թեհրանում: Դեսպանատան բացման արարողությանը ներկա է գտնվելու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը: Ինչպես նշում է իրանական IRNA գործակալությունը, Համոնդը բրիտանական պատվիրակության հետ վաղը ժամանելու է Թեհրան:
Միաժամանակ վերաբացվելու է Իրանի դեսպանատունը Լոնդոնում` ազդարարելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, որը սկսվել է հուլիսի 14-ին` միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո: Սա վերջին 12 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի առաջին այցն է Իրան, նշում է Guardian-ը: Ավելի վաղ Իրան են այցելել Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարները, Գերմանիայի կանցլերի տեղակալը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը 2011 թվականին հարձակման էր ենթարկվել: Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցերի դեմ հանդես եկող ցուցարարները կոտրել էին դեսպանատան ապակիներն, այրել բրիտանական դրոշը: Բրիտանիան այն ժամանակ հայտարարեց, որ ցուցարարները հարձակումն իրականացրել են իրանական վարչակազմի աջակցությամբ:
Երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը սկսեց թուլանալ 2013 թվականին՝ Հասան Ռոհանիի իշխանության գալուց հետո: Երկրները մասնակի դիվանագիտական հարաբերություններ ունեին: Նրանցից յուրաքանչյուրը ոչ ռեզիդենտ ժամանակավոր հավատարմատար ուներ, որն ամսական ընդամենը 1 շաբաթ էր անցկացնում մյուս երկրի մայրաքաղաքում: Երկու երկրների քաղաքացիները լուրջ խնդիրների էին բախվում վիզաներ ստանալու հարցում: Եվ հիմա, դեսպանատների վերաբացման շնորհիվ, ակնկալվում է, որ այդ խնդիրները պետք է լուծվեն:
Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները մշտապես անհանգիստ բնույթ են կրել: Իսլամական հեղաշրջումից 9 տարի անց` 1988 թվականին, երկու երկրները վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, սակայն, ընդամենը մեկ տարի անց, դիվանագիտական կապը խզվեց: Հարաբերությունները մասնակիորեն վերականգնվեցին 1990 թվականին, իսկ 1999-ին բարձրացվեցին մինչև դեսպանների մակարդակ:
Մեկ տասնամյակ անց, կապված միջուկային ծրագրի պատճառով Իրանի նկատմամբ գործադրվող ճնշման հետ, երկու երկրների հարաբերությունները կրկին վատացան: Լոնդոնը սառեցրեց իրանական ակտիվները:
Ակնհայտ է, որ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի այցը Թեհրան և դիվանագաիտական կապերի լիարժեք վերականգնումը կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերություններորի կարգավորման տեսանկյունից: