Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում լրագրող Խադիջա Իսմայիլովայի դեմ այսօր տեղի ունեցած դատալսման ժամանակ դատախազը պահանջել է դատապարտել նրան 9 տարվա ազատազրկման:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սկզբում «ինքնասպանության հասցնելու» մեղադրանք, իսկ հետո «խոշոր չափերի յուրացում և զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներ են առաջադրվել:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին օղակներում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում: