Թուրքական իշխանությունների և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) միջև առճակատումը շարունակում է խորանալ: Պատասխանելով թուրքական ղեկավարության գործողություններին` PKK-ի զինյալները հարձակումներ են գործում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վրա: Այս անգամ Թուրքիայի Կարս նահանգում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հատվածը: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի միջոցով ադրբեջանական գազը Շահ Դենիզ հանքավայրից Վրաստանի տարածքով հասնում է Էրզրում:
Նշենք, որ այս գազատարը պայթեցվել է նաև օգոստոսի 4-ին, իսկ հուլիսի վերջին PKK-ի զինյալները հարձակում էին կազմակերպել Քիրքուկ-Ջեյհան խողովաշարի վրա, որը նավթն Իրաքից հասցնում է Թուրքիա:
Այս կերպ PKK-ն պատասխանում է իր 814 զինյալների սպանությանը: Anadolu գործակալության տվյալներով հուլիսի 22-ից օգոստոսի 24-ը ընկած ժամանակահատվածում ևս 450-ը վիրավորվել է հյուսիային Իրաքում թուրքական անվտանգության ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում: Եվս 300-ը վիրավորվել է Թուրքիայի ներսում: Իսկ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ձերբակալվածների թիվը գերազանցում է 1600-ը:
Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում իրավիճակն արդեն դուրս է գալիս իշխանությունների վերահսկողությունից: Ավելի քան 60 ոստիկանների սպանության ֆոնին նահանգի որոշ շրջաններում արտակարգ դրություն է մտցվել: Թուրքական Hurriyet-ը գրում է, որ անվտանգության աշխատակիցների սպանության պատճառով աճում է թուրք հասարակության դժգոհությունը: Ոստիկանների թաղման արարողությունների ընթացքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել, որոնց ժամանակ մահացածների հարազատները մեղադրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնությունը վերսկսելու համար: «Նախագահը պետք է հպարտ լինի, քանի որ նա կարողացավ եղբայրներին դրդել սպանել միմյանց»,- ասել է սպանված ոստիկաններից մեկի հարազատը:
Մեծապես տուժել է երկրի տնտեսությունը: Թուրքական Daily Sabah-ը հայտնում է̦ որ 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները 9̦6 տոկոսով կրճատվել են: Ներդրումները կրճատվել են հատկապես էներգետիկ ոլորտում: Նշենք̦ որ Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների 40 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին:
Սա նշանակում է̦ որ Էրդողանի վարչակազմի գործողությունները մի կողմից հեղինակազրկում են նրան երկրի ներսում, իսկ մյուս կողմից զգալի ֆինանսական կորուստներ են պատճառում և վտանգում ռազմավարական գործընկերների հետ համագործակցությունը: