Թուրքիայում քրդերի հանդեպ խտրականությունը շարունակվում է, և այդ երևույթը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները դեռևս բավարար չեն: Ինչպես փոխանցում է News.am–ը, այս մասին «Today's Zaman»-ում հրապարակված հոդվածում գրել է թուրք վերլուծաբան Գյունալ Քուրշունը:
Նրա խոսքով, Թուրքիայում դեռևս գերիշխող ազգեր կան. թուրքերը՝ քրդերի դեմ, մահմեդականները՝ ոչ մահմեդականների դեմ, սուննիները՝ ալևիների դեմ: Օսմանյան կայսրության վերջին տարիներին երկիրը կառավարող երիտթուրքերի կուսակցությունն ազգային բոլոր փոքրամասնություններին որպես պետության գոյության դեմ սպառնալիք էր դիտարկում: «Այդպիսի մտածելակերպի արդյունքը եղավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որը նաև ազդեցություն ունեցավ նոր հանրապետության վրա՝ սպառնալիքի հսկայական զգացողությամբ»,- գրել է Քուրշունը:
Նրա կարծիքով, թուրքերն ինքնավստահության հետ կապված մեծ խնդիրներ ունեն, և կարծում են, որ քրդերը կհարվածեն մեջքից: «Փաստացի մենք ոչ ոքի չենք վստահում: Դպրոցներում սովորեցնում են, որ «թուրքերն ընկերներ չունեն՝ բացի թուրքերից»: Չեմ կարծում, որ աշխարհում որևէ այլ տեղ նման հոգեբանություն գոյություն ունի»,- նշում է հոդվածի հեղինակը:
Հենց այդ հոգեբանությունն էլ, ըստ վերլուծաբանի, հանգեցրեց քրդատյատության, ինչն իր հերթին քրդերի կողմից նույնպիսի ատելություն ծնեց: «Ինքնության արտահայտման արգելքը, խոշտանգումներն ու պետական ծառայողների կողմից դաժան վերաբերմունքն էլ ծնեցին ահաբեկչական կազմակերպությունը: Բազմաթիվ դիտորդներ կիսում են տեսակետը, որ քրդական շարժման ներկա ձեռքբերումները, ինչպիսիք են քրդերենի արգելքը, մշակութային խորհրդանիշերը՝ քրդական երաժշտությունը և քրդերենով հեռուստատեսությունը, Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հաջողություններն են: Հնարավոր է՝ դա ճիշտ է, հնարավոր է՝ ոչ, բայց շարքային քրդերն այսօր ՔԱԿ-ին սատարում են, քանի որ կարծում են, որ կառավարությունն իրենց ոչինչ չի տվել, իսկ կազմակերպության ստեղծումից հետո, երբ նրա գործողությունները տեսանելի դարձան, իրենք ավելի շատ իրավունքներ ստացան»,- գրել է հեղինակը: