Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վրացական արժույթի՝ լարիի անկման հարցում իրենց տեղն ունեն բացարձակ ակնհայտ սպեկուլյացիներն ու աժիոտաժը:
Ղարիբաշվիլին գործարարներին ու բնակչությանը կոչ է արել չմատնվել այն խուճապին, որը ստեղծում են ԶԼՄ-ներն ու փորձագետները, այլ առաջնորդվել կառավարության ու Վրաստանի Կենտրոնական բանկի տրամադրած պաշտոնական տեղեկություններով:
Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին պաշտպանել է վարչապետի կարծիքը, որ երկրում «սպեկուլյացիա» է իրականացվում: Նա վստահություն է հայտնել, որ լարիի փոխարժեքը շուտով կկայունանա։
Վրաստանի ազգային արժույթը սկսել էր կտրուկ արժեզրկվել անցած տարվա նոյեմբերից: Ամառային սեզոնի սկզբից լարիի փոխարժեքը կայունացել էր, սակայն զգալի անկումը վերսկսվել է հուլիսի 14-ից, երբ լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ դարձել է 2,25, իսկ օգոստոսի 7-ին՝ հասել 2,30-ի: Վրաստանի կենտրոնական բանկն օգոստոսի 25-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը հաստատել է 2,3640 լարիի մակարդակում: