ՆԱՎԱՊԵՏ ՔԻԴԻ ԳԱՆՁԵՐԸ

14:59     17 փետրվարի, 2011

      "Որտե՞ղ են թաքցված նավապետ Քիդի գանձերը",- դարեր շարունակ այս հարցը տանջել է ոչ միայն արկածներ որոնողներին, այլեւ գիտնականներին: Շոտլանդացի հայտնի ծովահենի անթիվ-անհամար գանձերի մասին պտտվող լեգենդները մշտապես սնունդ են տվել բազում վիպասանների երեւակայությանը:  
"Գանձերի կղզին" – Ռոբերտ Ստիվենսոն, "Ոսկե բզեզը" – Էդգար Պո, "Սատանան եւ Թոմ Ուոքերը" – Վաշինգթոն Իրվինգ. բոլոր այս ստեղծագործությունները հեքիաթային գանձերին տիրելու անխոնջ փորձերի մասին են…
      Եվ պարզվում է, որ լեգենդար ծովահենի ամենաարժեքավոր ավարը հայկական մի նավ է եղել: Քեդահ Մերչանթը պատկանում էր Հնդկաստանում` Սուրատում բնակվող հայերին, որոնք զբաղվում էին Արեւելահնդկական ընկերության ապրանքների առեւտրով: 17-րդ դարում Քեդահ Մերչանթը նավարկում էր հայկական դրոշի ներքո, երբ հայկական պետություն արդեն գոյություն չուներ։ Ոսկով, արծաթով, մետաքսի եզակի տեսակներով եւ թանկարժեք այլ ապրանքներով բեռնված այս նավի առեւանգումն էլ հայտնի "պրիվատիրի" մահապատժի պատճառն է դառնում:
      2007-ի դեկտեմբերին Դոմինիկյան Հանրապետության ափերից ոչ հեռու` Կատարինա կղզու մոտ, Քեդահ Մերչանթի մնացորդները հայտնաբերած արշավախմբի ղեկավար, Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Բիկերը պատմում է բացահայտման մանրամասները. խորտակված հազարավոր նավերի մեջ այն ճանաչում են մի քանի բնորոշիչներով. նախ պահպանվել էին թնդանոթներ, որոնք ոչ թե տախտակամածին, այլ բեռնախցիկում էին, բեռնախցիկում էին նաեւ խարիսխները. այս ամենը վկայում էր, որ նավը ոչ թե պաշարել, այլ այրել ու խորտակել են:
Չարլզ Բիկեր,
հնագետ, Ինդիանայի համալսարան (ԱՄՆ)
      Բեռնախցում ո՛չ արծաթ կար, ո՛չ ոսկի, գանձը հենց ինքը` նավն է: Իմ նպատակն էր նվազագույն վնաս հասցնելով ապացուցել Քեդահ Մերչանթի իսկությունը: Հետազոտությունը պարզեց, որ նավը կառուցված է այնպիսի փայտից, որ միայն Հնդկաստանի արեւմուտքում կա: Հավասարակշռությունը պահող քարերը Սուրատի տարածաշրջանինն էին: Բացի այդ, նավը պատրաստված էր այնպես, ինչպես գրում էր կապիտան Քիդը` փայտերը ագուցված էին զիգզագաձեւ, ինչը հատուկ էր միայն հնդկական նավաշինությանը:

        Այս ողջ պատմության մեջ հայկական հետքն ակնհայտ է: Պահպանվել են նաեւ նավի` հայկական պատկանելության մասին փաստաթղթերը: Պատահականություն է, թե ճակատագրի հեգնանք` 17-րդ դարի հայկական առեւտրական նավի բեկորների որոնման աշխատանքներում եւս ներգրավված են հայ գիտնականներ: Շվեցարահայ ամուսիններ Պավել եւ Իզաբելլա Գալումյանները վաղուց էին երազում նավարկել Կարիբյան ավազանում. այդ նպատակով անգամ նավ էին գնել: Հայկական "Այաս" ակումբում այն գրանցելիս տեղեկանում են Քեդահ Մերչանթի պատմության մասին: Ու ծնվում է խորտակված նավը հայտնաբերելու հույսը:
Պավել Գալումյան
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
      "Հասկացանք, որ անհավատալի է` գտնել այդ նավը. երեք հարյուր տարի մարդիկ շատ մեծ հետաքրքրությամբ ու համառությամբ փնտրել են ու չեն գտել։ Չնայած գիտեինք, որ Դոմինիկյան Հանրապետության ափերի մոտ պետք է լինի, բայց դա շատ լայն տարածություն է: Երեք հարյուր տարի առաջ սուզված մի փոքր նավի մնացորդներ գտնել այդ տարածքում որեւէ տեղ գրեթե անհնար է։ Միեւնույն է, որոշեցինք գնալ, նայել։ Հենց այդ ժամանակ` Անապոլիսից մեր ճանապարհորդությունը սկսելուց երեք օր, առաջ հանկարծ զանգում են Վաշինգտոնի Ազգային ասամբլեայի մեր ընկերները, որոնց ներկայացրել էինք ծրագիրը: Ասում են, որ CNN-ով հայտնել են, թե Քեդահ Մերչանթ նավը գտնվել է։ Թվաց, թե դա կատակ է։ Պատկերացնում եք` ինչ էինք զգում. հույս չունեինք, որ այն կգտնվի, մեկ էլ հանկարծ գտնվեց: Ու մենք հասկացանք, թե ինչքան մոտ էինք հայտնաբերմանը":

      Գիտնականները մտադիր չեն ջրից դուրս բերել Քեդահ Մերչանթի բեկորները, նավաբեկման տարածքը կվերածվի ստորջրյա արգելոցի: Ափին մոտ կկառուցեն դիտակետեր, որոնցով հնարավոր կլինի ուսումնասիրել նավաբեկման վայրը, ապա նավարկել դեպի այն: Կատարինա կղզին կօղակի ցամաքային զբոսաշրջային երթուղին, որով շրջագայելով` մարդիկ կարող են ծանոթանալ հիշարժան պատմությունների, այդ թվում` Քեդահ Մերչանթի մասին: Շատ անհատներ, կազմակերպություններ, գործարարներ հետաքրքրված են սեփականել նավի մնացորդները։ Քեդահ Մերչանթի պատմական արժեքն առավել ընդգծում է Նավապետ Քիդի կերպարը։
Պավել Գալումյան
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր       "…Նավի տերերը Նոր Ջուղայի հայեր են եղել: Շատ կարեւոր է, որ կարողանանք ներկայացնել այս չափազանց հետաքրքիր ժամանակաշրջանը` 17-րդ դարը, երբ հայ ազգը, չունենալով պետականություն, չտեսնված մեծ դեր ուներ ե՛ւ համաշխարհային զարգացման, ե՛ւ առեւտրի, ե՛ւ Արեւելք-Արեւմուտք կապի մեջ ու շատ մեծ գործոն էր: Մեր նպատակն է այդ պատմությունը հասցնել յուրաքանչյուրին, դարձնել զանգվածային: Այդ անել մեզ կօգնի եւ Նավապետ Քիդի կերպարը. նա համաշխարհային ճանաչում ունի։ Արեւելահնդկական գործընկերության մասին բոլորը գիտեն: Բայց այն, որ հայերն այդ ժամանակ այդքան ազդեցիկ են եղել, ոչ մեկն էլ չգիտի։ Դա մեզ հնարավորություն կտա տարածել այս պատմությունը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ միջազգային մակարդակով":

      Նավը խորտակվել է ափից 15 կիլոմետր հեռավորության վրա. պլանավորվում է կառուցել դիտակետեր, որոնցով հնարավոր կլինի ափից նայել ու տեղեկություններ ստանալ, ապա նավակով մոտենալ նավաբեկման վայրին: Կկառուցվեն նաեւ ստորջրյա կենսաբանական ռեսուրսի մոնիթորինգի կետեր: Կղզին կօղակի ցամաքային զբոսաշրջային երթուղին, որով  
անցնելով` հնարավոր կլինի ծանոթանալ հիշարժան տարբեր պատմությունների: Նախատեսվում է նման թանգարաններ կառուցել նաեւ մի շարք այլ հայտնի նավերի խորտակման վայրերում, այդ թվում` Կոլումբոսի նավի: "Կենդանի թանգարանների ցանցը" կբացվի հայ առեւտրականների` Քեդահ Մերչանթ նավի թանգարանով 2011 թվականի մայիսի 23-ին:
Աննա Բալյան
Աննա Մկրտչյան
17.02.2011


© armedia.am