Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը կսկսի սերտիֆիկացնել ինտերնետ-մեսենջերների (Viber, WhatsApp, Skype) գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կապ և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովին:
Վերջինիս խոսքով՝ այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են սկսվել նշված ընկերությունների հետ, և նրանցից շատերը դրական են արձագանքել իշխանությունների այս քայլին:
«Մենք՝ որպես կանոնակարգող մարմին, կարծում ենք, որ այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են Ադրբեջանում տեղեկատվության զանգվածային հավաքագրմամբ, պետք է իրենց գործունեությունն իրականացնեն անձնական տվյալների պահպանության մասին ադրբեջանական օրենսդրությանը համապատասխան, այսինքն՝ հավաստագիր ստանան»,- նշել է նախարարը: Աբբասովը նշել է, որ սոցցանցերը պետության կողմից վերահսկելը միանգամայն բնականոն է և նման պրակտիկա արդեն կիրառվում է մի շարք երկրներում:
Նշենք, որ սոցցանցերը պետական վերահսկողության տակ են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրանը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Վիետնամը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Վենեսուելան, Թուրքիան և այլն: Հաշվի առնելով, որ թվարկված այս երկրներում իշխանությունները խոսքի ազատության իրավունքը սովորաբար դիտարկում են որպես հակապետական երևույթ և իրենց «պարտքն» են համարում պայքարել դրա դեմ՝ իհարկե, միանգամայն օրինաչափ է, որ Ադրբեջանում ևս պատրաստվում են կիրառել այդ պրակտիկան: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը ևս շատ «զգայուն» է երկրում հակաիշխանական տրամադրությունների ցանկացած դրևորման նկատմամբ:
Սոցցանցերի նկատմամբ վերահսկողություն հաստատելով՝ Ադրբեջանը հետապնդում է հակաիշխանական տրամադրությունները բացահայտելու նպատակ: Իսկ Թուրքիայի պրակտիկան այս հարցում ևս մեկ անգամ հավաստում է այդ: Այսպես, 2014 թվականի մարտին Թուրքիայի տարածքում Twitter-ն արգելափակվեց Էրդողանի հեղինակության վրա բացասաբար ազդող գրառման պատճառով: Նույն ժամանակահատվածում արգելափակվեց նաև YouTube-ի հասանելիությունը: Չնայած այս տարվա ապրիլին Թուրքիայի սահմանադրական դատարանն այդ որոշումը հակասահմանադրական ճանաչեց և վերականգնվեց YouTube-ի և Twitter-ի հասանելիություն, սակայն իշխանությունները հակակառավարական տրամադրությունների առաջացման և տարածման մի փոքր առիթի դեպքում կրկին ինչ-որ ժամանակահատվածով արգելափակում են դրանց հասանելիությունը: Ակնկալվում է, որ Ադրբեջանաում ևս տվյալ օրենքը գործելու է հենց այս մեխանիզմով:
Նման օրենքի ընդունում Ադրբեջանում վկայում է, որ այլախոհների դեմ պայքարելու ալիևյան վարչակարգի ավանդական մեթոդներն այլևս արդյունավետ չեն և հակաիշխանական տրամադրությունները երկրում գնալով ուժեղանում են: