Ռուսաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել Իրանին ռուսական S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու շուրջ համաձայնագրի իրականացման մասին: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության Ռուսաստանի դաշնային ծառայության պաշտոնյաներից մեկը:
«Այս շաբաթ հուշագիր է ստորագրվել Իրանին ռուսական S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու շուրջ ձեռքբերված պայմանավորվածության իրագործման մասին»̦ - ասել է գործակալության աղբյուրը: Միաժամանակ նա նշել է̦ որ հուշագրում մատակարարման ժամկետները̦ քանակը և գինը հստակ նշված չէ: Կողմերը դեռևս շարունակում են քննարկումներն այս հարցի շուրջ:
Նշենք̦ որ 2015 թվականի հունվարին Թեհրանն ու Մոսկվան համաձայնագիր ստորագրեցին իրենց պաշտպանական համագործակցությունը խորացնելու մասին̦ որը նաև պետք է լուծեր S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման խնդիրը: Ինչպես գրում է իրանական Fars գործակալությունը̦ համաձայնագիրը ստորագրվել է Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուսեյն Դեհքանի և Սերգեյ Շոյգուի միջև: Կողմերը պայմանավորեցին լուծել S-300-ի մատակարարման հետ կապված խնդիրները:
Նշենք̦ որ 2007 թվականին Իրանը 800 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի հետ S-300-ի մատակարարման մասին: Սակայն 2010 թվականին իրանական միջուկային ծրագրի պատճառով Իրանի վրա գործադրվող պատժամիջոցները խնդիրներ առաջացրին մատակարարման հետ կապված̦ և Ռուսաստանը կասեցրեց դրանց մատակարարումը:
2015 թվականի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց̦ որ Ռուսաստանն̦ այնուամենայնիվ̦ կմատակարարի հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Իրանում հույս էին հայտնում̦ որ մինչև 2015 թվականի ավարտը մատակարարման շուրջ համաձայնագիրը կստորագրվի: Իսկ Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից հետո Իրանը պահանջեց լուծում տալ այս խնդրին: S-300-ի մատակարարման հարցը օգոստոսին Իրանը արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի Մոսկվա կատարած այցի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն էր:
Վերոնշյալ հուշագրի ստորագրումը վկայում է̦ որ իրանական միջաջուկային համաձայնագրի ստորագրումից հետո ստեղծված աշխարհաքաղաքական այս նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանը մտադիր է ավելի խորացնել ռազմական համագործակցությունն Իրանի հետ: