Թուքիայում հետընտրական աննախադեպ իրադարձություններն ու անորոշությունը դեռևս շարունակվում են: Կոալիցիոն կառավարություն ձևավորելու ձախողված բանակցություններից հետո առաջին անգամ Թուրքիայի բազմակուսակցական քաղաքական համակարգի պատմության մեջ այդքան կարճ ժամանակահատվածում տեղի են ունենալու խորհրդարանական երկրորդ` արտահերթ ընտրությունները: Հաշվի առնելով Թուրքիայում ընտրություններին սովորաբար հաջորդող բողոքի ակցիաները՝ կարելի է ենթադրել, որ նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ ընտրություններն այս առումով հազիվ թե բացառություն կազմեն:
Էրդողանի կողմից ընտրությունների նշանակման օրն ինքնին յուրահատուկ է նրանով, որ այդ օրը Թուրքիայում նշվելու է Օսմանյան կայսրության փլուզման 93-րդ տարելիցը: Այս հանգամանքը ծաղրանքի է ենթարկվել ընդդիմության կողմից, որոնք հեգնանքով նշում են այն փաստը, որ Էրդողանը ցանկանում է դառնալ Սուլթան՝ երկրում նախագահական համակարգ հաստատելու արդյունքում:
Թուրքիայի Ընտրական Սահմանադրության 9-րդ հոդվածի համաձայն, եթե արտահերթ ընտրությունները հայտարարվում են նախագահի կողմից, ապա քվեարկությունը տեղի է ունենում որոշումը ընդունելուց 90 օր հետո առաջին կիրակի օրը, որը, պետք է տեղի ունենար նոյեմբերի վերջին: Սակայն Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո Գերագույն ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ օրենքը նաև թույլ է տալիս 90-օրյա ընտրական ժամանակացույցը կրճատել և դարձնել այն 63-օրյա: Ինչի արդյունքում էլ հենց նոյեմբերի 1-ը նշանակվեց արտահերթ ընտրությունների անցկացման օր, որի ժամանակ Էրդողանը հույս ունի ձեռք բերել ձայների մեծամասնությունը և ձևավորել միակուսակցական կառավարություն:
Թուրքիայի Կենտրոնական ընտրական մարմնի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս անգամ ընրություններին մասնակցելու են 29 կուսակցություն, սակայն հարկ է նշել այն հանգամանքը, որ հիմնական պայքարն ընթանալու է չորս գլխավոր կուսակցությունների միջև: Նրանցից ամենամեծն աջակողմյան իսլամիստական Արդարություն և զարգացում կուսակցությունն է (ԱԶԿ), որը նկարագրվում է որպես պահպանողական ժողովրդավարական կուսակցություն և որի հիմնական նպատակը ձայների մեծամասնությունը ձեռք բերելու պարագայում երկրի նախագահ Էրդողանի՝ խորհրդարանական համակարգը նախագահականով փոխելու երազանքն իրականացնելն է: Երկրորդ գլխավոր կուսակցությունն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է, որը հայտնի է իր քեմալիստական գաղափարախոսությամբ: Ազգայնական շարժում կուսակցությունը (MHP) հայտնի է թուրքական ազգայնական գաղափարախոսությունով և 2007 թվականի ընտրություններից հետո համարվում է երրորդ գլխավոր կուսակցությունը խորհրդարանում: Իսկ չորրորդ՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (HDP) հիմնադրվել է 2012 թվականին և հիմնականում դիտվում է որպես քրդամետ կուսակցություն և հանդես է գալիս փոքրամասնությունների իրավունքների պաշտպաության և հակակապիտալիստական գաղափարներով:
Հաշվի առնելով հունիսի 7-ից առաջ և հետո տեղի ունեցած զարգացումները՝ կարելի է ասել, որ այս անգամ կուսակցությունների նախընտրական քարոզարշավի հիմնական թեզերն ամբողջովին լինելու են այլ: Ազգայնական շարժում կուսակցությունը (MHP), օգտագործելով երկրում տիրող ահաբեկչական իրավիճակը և բռնության աճող ալիքը, ենթադրվում է, որ կսկսի մեղադրել ԱԶԿ-ին Քրդական բանվորական կուսակցության հետ երկիրը քաղաքացիական պատերազմի հասցնելու մեջ: ԱԶԿ-ն իր հերթին կպաշտպանվի այս մեղադրանքներից և կփորձի ապացուցել, որ պայքար է մղում միայն ահաբեկչության դեմ: Կարելի է ասել, որ իշխող կուսակցությունը խնդիր ունի նաև հասարակությանը բացատրել, թե ինչու չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն: Հաշվի առնելով նաև Էրդողանի վարած քաղաքականությունը Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նկատմամբ՝ հարկ է նշել, որ Էրդողանն անելու է ամեն հնարավորը, որպեսզի քրդամետ կուսակցությունը չկարողանա հաղթահարել տասը տոկոսանոց շեմը: Ինչ վերաբերում է Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթին Դեմիրթաշին, ապա նա կփորձի պահպանել իր ընտրազանգվածը և հասարակությանը ներկայանալ որպես երկրում կայունություն հաստատելու ջատագով:
Հատկանշական է, որ Էրդողանն այնուամենայնիվ հասավ նրան, ինչին ձգտում էր՝ արտահերթ ընտրությունների անցկացմանը: Դրա համար նա ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանն անգամ կառավարություն ձևավորելու (ԺՀԿ) որևէ հնարավորություն չընձեռեց: Այս քայլով նա նաև դարձավ առաջին նախագահը Թուրքիայի պատմության մեջ, ով առավել թվով ձայներ հավաքած երկրորդ կուսակցությանը հնարավորություն չտվեց ստեղծել կոալիցիոն կառավարություն: Բացի այդ, Էրդողանը, չնայած կոալիցիոն կառավարություն ձևավորելու բանակցությունները չէին ավարտվել, շտապեց հայտարարել արտահերթ ընտրություններ անցկացնելու ամսաթիվը՝ նոյեմբերի 1-ը: Նա նույնիսկ նպատակահարմար չգտավ թույլ տալ, որ Գերագույն ընտրական խորհուրդը բանակցություններ վարեր կուսակցությունների ղեկավարների հետ, նախքան ընտրությունների ամսաթիվը որոշելը: Ըստ Էրդողանի՝ այդ ամենին սպասելը «ժամանակի կորուստ» է: Այս ամենից ելնելով թվում է, թե Թուրքիայի քաղաքական դաշտն արդեն անցել է նախագահական համակարգի և Էրդողանն արդեն սկսել է վերահսկել այն ամբողջովին՝ չկասկածելով անգամ, որ արտահերթ ընտրություններում իրեն կհաջողվի ստանալ մեծամասնության աջակցությունը:
Սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքները, սակայն ունեն բավական մեծ անկանխատեսելիության գործակից: Անգամ հանրային կարծիքն ուսումնաիրող տարբեր կառույցներ միմյանց հակասող արդյունքներ են հրապարակում, ինչը մի կողմից կարելի է պայմանավորել տարբեր «հակումներով», այնպես էլ նախընտրական իրավիճակի բարդությամբ:
Օրինակ՝ ինչպես ցույց են տալիս «Կեչի» սոցիալական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի օգոստոս ամսին կատարած հարցումները՝ Էրդողանի ԱԶԿ կուսակցության վարկանիշն ավելի է նվազում: Եթե հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում կուսակցությունը ձեռք էր բերել ձայների 40.9%-ը, ապա վերջին հարցումները ցույց են տվել, որ նրա վարկանիշն իջել է 38.9%-ի: Միևնույն ժամանակ Ժողովրդա-հանրապետական կուսակցության վարկանիշն է սկսել աննխադեպ բարձրանալ: Իսկ ինչ վերաբերում խորհրդարանականից նախագահական համակարգին անցնելու հեռանկարին՝ ըստ հարցման արդյունքների՝ 78.3 տոկոսը համաձայն չէ այդ հանգամանքի հետ, նույնիսկ ԱԶԿ-ի օգտին քվեարկողների միայն 35%-ն է այդ համակարգին կողմ արտահայտվել: Այսպիսի արդյունքները վկայում են, որ հասարակության և անգամ ԱԶԿ-ի կողմնակիցները չեն աջակցում Թուրքիայում նախագահական համակարգ ունենալու փաստին:
Մեկ այլ կազմակերպության՝ Թուրքական հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի՝ Metropoll-ի կողմից անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը բարձրացրել է իր վարկանիշը, սակայն ոչ այնքանով, որ կարողանա հավաքել ձայների մեծամասնությունը: Համաձայն արդյունքների՝ արտահերթ ընտրություններից երկու ամիս առաջ ԱԶԿ-ն հավաքում է ձայների 41.7%-ը: Սակայն մոտ 1%-ը դեռ բավարար չէ, որ Էրդողանը վստահ լինի, որ իր կուսակցությունը որևէ լուրջ առաջընթաց կունենա:
Սոցհարցման արդյունքների համաձայն՝ մյուս երեք կուսակցություններից յուրաքանչյուրը 1%-ով բարձրացրել են ձայների քանակը: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների 25,5%-ը (հունիսի 7-ին՝ 25%), Ազգայնական շարժում կուսակցությունը՝ 15,7%-ը, (16,3%), իսկ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը՝ 14.7%-ը (13.1%):
Ամփոփելով կարելի է ասել, որ չնայած սոցհարցումների արդյունքներին՝ Թուրքիայում արտահերթ ընտրությունների հետ կապված քաղաքական պայքարը նոր ընթացք է ձեռք բերում, որում մեծ կարևորություն ունեն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացները: