Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է հայտնի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովայի դեմ հարուցված գործով վճիռը: Դատարանն Իսմայլովային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման։
Իսմայլովան մեղադրվել է Ադրբեջանի ՔՕ հետևյալ հոդվածները խախտելու համար 125 (ինքնասպանության հասցնել), 179.3.2 (խոշոր չափի միջոցների յուրացում ու վատնում), 192.2.2 (ապօրինի ձեռնարկատիրություն՝ խոշոր եկամուտներ ստանալու համար), 213.1 (հարկեր վճարելուց խուսափում) և 308.2 (ծառայողական լիազորությունների չարաշահում, ինչև հանգեցրել է ծանր հետևանքների)։
Դատարանն Իսմայիլովային անմեղ է ճանաչել միայն 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդում)` նշելով, որ այս առումով չկան բավարար ապացույցներ: Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայիլովային ձերբակալել էին անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով: «Խոշոր չափերի յուրացում և զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներ Իսմայիլովայի առաջադրվել են արդեն ավելի ուշ:
Իսմայլովան հերքում է բոլոր մեղադրանքները և համարում է, որ դրանք ներկայացվել են քաղաքական դրդապատճառներով. Իսմայիլովան լրագրողական հետաքննությունների էր իրականացրել Ադրբեջանում իշխանության վերին օղակներում կոռուպցիոն փաստերի վերաբերյալ: Այդ հետաքննությունների արդյունքում բացահայտվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները վստահ են, որ Իսմայիլովայի դեմ քրեական մեղադրանքները մտացածին են և կապված են նրա լրագրողական գործունեության հետ։ Human Rights Watch-ը Իսմայելովայի դատավճռի առանչությամբ արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծվում է, որ լրագրողը քաղաքական հետապնդումների է ենթարկվել, իսկ դատական գործընթացը եղել է բազմաթիվ խախտումներով: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանական իշխանություններին հերթական անգամ կոչ է արել ազատ արձակել Իսմայելովային:
Նշենք, որ 2014 թվականի դեկտեմբերից բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, ԵՄ տարբեր կառույցներ բազմիցս կոչ են արել Բաքվին դադարեցնել Իսմայելովայի նկատմամբ քաղաքական հետապնդումները և հետևել օրենքի տառին, սակայն ակնհայտորեն Ալիևի վարչակարգի համար սեփական քննադատների նկատմամբ վերժխնդիր լինելու ցանկությունը վեր է ցանկացած օրենքից և նույնիսկ երկիր հեղինակությունից: