Իրաքի տարածքային ամբողջականությունը վտանգված է: Պատճառը միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում նորանոր տարածքների գրավումը չէ: Վերլուծաբանները վաղուց են գրում, որ միասնական Իրաքի մասին խոսելն արդեն անիմաստ է: Իրաքի մի մասը վերահսկվում է Բաղդադի կառավարության կողմից, հյուսիսային զգալի շրջաններ, այդ թվում նաև Մոսուլը, վերահսկվում են ԻՊ-ի կողմից, իսկ Իրաքյան Քուրդիստանն էլ վաղուց արդեն գործում է որպես ինքնուրույն պետություն:
Սակայն, կան նաև այսպես կոչված «վիճելի տարածքներ», որոնց հավակնում են ինչպես Իրաքի արաբները, այնպես էլ քրդերն ու թուրքմենները: Տարաձայնություններն աճում են հատկապես բնական ռեսուրսներով հարուստ Քիրքուկի շուրջ, որտեղ գտնվում է իրաքյան նավթի մոտ 20%-ը: Շրջանը զարգացած նավթային ենթակառուցվածքներ ունի, հարուստ է նաև գազի և ստորգետնյա ջրերի պաշարներով:
Իրաքի Սահմանադրության համաձայն այս «վիճելի տարածքների» հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, որի ժամանակ տեղի բնակիչները պետք է որոշեն, թե որ վարչակազմի ներքո են ցանկանում մնալ` Բաղդադի կառավարության, թե Իրաքյան Քուրդիստանի:
2014 թվականի կեսերին իրաքյան բանակը, չկարողանալով դիմադրել ԻՊ-ի հարձակումներին, նահանջեց, ինչի արդյունքում քրդական զինված միավորներն իրենց վերահսկողությունը հաստատեցին Իրաքի Քիրքուկ քաղաքի վրա: Քրդերը հայտարարում են, որ քաղաքում իրաքյան կանոնավոր բանակի որևէ զինվոր չի մնացել:
1991 և 2003 թվականներին քրդերը կրկին մտել են Քիրքուկ և ազատագրել այսպես կոչված «վիճելի տարածքները»: Սակայն ամեն անգամ փեշմերգան դրանք զիջել է իրաքյան անվտանգության ուժերին՝ միայն մասնակի վերահսկողություն պահպանելով: Բայց հիմա քրդական ինքնավարությունը հայտարարում է, որ ոչ մի դեպքում մտադիր չէ Բաղդադին զիջել Քիրքուկը:
Մյուս կողմից, Քիրքուկի նկատմամբ իրենց հավակնությունների մասին հայտնում են քուրքմեններն, որոնք տարբեր աղբյուրների համաձայն գործում են թուրքական գաղտնի ծառայությունների հովանավորությամբ: Ինչպես գրում է Al-Monitor-ը, թուրքմենները պահանջում են հատուկ էթնիկ կարգավիճակ հասատատել Քիրքուկում դաշնային համակարգի ներքո, որի պայմաններում նրանց շահերն ու իրավունքները պաշտպանված կլինեն: Սակայն թուքմենների դիրքերը նրանց շրջանում առկա տարաձայնությունների և կրոնական պառակտվածության պատճառով այնքան էլ ուժեղ չեն:
Արդյունքում վերլուծաբանները կանխատեսում են, որ օգտվելով տարածաշրջանում առկա քաոսից և ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքարելու Բաղդադի կառավարության անկարողությունից` Իրաքյան Քուրդիստանն ավելի կամրապնդի իր դիրքերը` հրաժարվելով Բաղդադին հանձնել Քիրքուկը: