Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է Սիրիայում և Իրաքում զինված գործողություններ իրականացնելու թուրքական կառավարության մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու օգտին: Արտահերթ նիստի ժամանակ Արադարություն և զարգացում, Ժողովրդա-Հանրապետական և Ազգային շարժում կուսակցությունները քվեարկել են մանդատի տրամադրման օգտին, քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը դեմ է քվեարկել, հայտնում է թուրքական Hurriyet-ը: Մանդատը նաև թույլ է տալիս կառավարությանը օտարերկրյա զորքեր տեղակայել Թուրքիայի տարածքում:
Նշենք, որ գործող մանդատի ժամկետը լրանում է հոկտեմբրին: 2014 թվականին Թուրքիայի խորհրդարանը հաստատեց կառավարության նախաձեռնությունը, որն իշխանություններին թույլ է տալիս զինված ուժեր մտցնել Սիրիա և Իրաք «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Այս մանդատը, որի օգտին քվերարկել էր 396 պատգամավորից 298-ը, մեկ տարվա ժամկետ ուներ: Փաստաթղթին կողմ էին քվեարկել Արդարություն և զարգացում և Ազգային շարժում կուսակցությունները, մինչդեռ Ժողովրդա-Հանրապետական ու քրդական կուսակցությունը հայտարարեցին, որ թուրքական իշխանությունների նպատակը Սիրիայում իշխող Ասադի վարչակազմն է, այլ ոչ թե ԻՊ-ն:
Հատկանշական է, որ այսօր Թուրքիայի անվտանգությունը շատ ավելի մեծ վտանգի տակ է, քան մեկ տարի առաջ: Եթե այն ժամանակ թուրքական կառավարությունը հայտարարում էր, որ նման մանդատի անհրաժեշտությունը պայմանավորված է ԻՊ-ից բխող վտանգով (թեև իրականում Թուրքիան բազմակողմ աջակցություն էր տրամադրում ԻՊ-ին), ապա այսօր Թուրքիան փաստացի պատերազմ է մղում Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության դեմ: Վերոնշյալ մանդատը թուրքական կառավարությանը նաև լիազորում է պայքար մղել PKK-ի դեմ: Սա նշանակում է, որ Թուրքիան հերթական անգամ օգտագործում է ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակն իր ծրագրերը կյանքի կոչելու համար: Եթե 2014 թվականին դա Ասադի տապալումն էր, Սիրիայի քրիստոնեաբնակ, մասնավորապես հայաբնակ շրջաններում թուրքմենական ծայրահեղական ուժերին զինելն ու ուղղորդելը, ապա այսօր առաջնային տեղում PKK-ի դեմ պայքարն է ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում:
Եվ թուրքական ղեկավարությունը դա ամենևին էլ չի թաքցնում: «PKK-ի զինված ահաբեկչական տարրերը շարունակում են գոյատևել Իրաքի հյուսիսային շրջաններում: Թուրքիան պետք է շարունակի ռազմական, քաղաքական և դիվանագիտական նախաձեռնություններն Իրաքում ահաբեկչական խմբերի գոյության դեմ», - ասվում է Թուրքիայի խորհրդարանի հայտարարության մեջ: