Օրերս Հայաստան-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմաններին արձանագրվեց և մինչ այժմ պահպանվում է լարվածության լուրջ աճ, որն ուղեկցվում է տարբեր տրամաչափի զինատեսակներով գնդակոծությամբ և հրետակոծությամբ:
Հատկանշական է, որ հանրային շրջանակներում զուգահեռաբար սկսեցին քննարկման առարկա դառնալ նաև ադրբեջանական հերթական «նախաձեռնողականության» պատճառները, և շրջանառության մեջ դրվեցին մի շարք գործոններ (Ադրբեջանի տնտեսական խնդիրներ, իշխանության պահպանման խնդիր, համանախագահների վրա ճնշում գործադրելու փորձ և այլն):
Չբացառելով, որ բոլոր այս և մի շարք այլ գործոններ տարբեր կերպ հանգեցնում են ադրբեջանական ուժերի պարբերական ակտիվացման՝ այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ առկա է առավել խորքային պատճառ, իսկ վերոնշյալ գործոնների շահարկումը հանդիսանում է դրա անմիջական արդյունք: Խոսքը վերաբերում է միջազգային հանրության/կառույցների ոչ հետևողական և ոչ օբյեկտիվ արձագանքին Բաքվի քայլերի նկատմամբ, ինչի արդյունքում դրանք աստիճանաբար դառնում են անվերահսկելի և անկանխատեսելի:
Միջազգային կառույցների ոչ պատշաճ արձագանքն Ադրբեջանի քաղհասարակության նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին, սահմաններում հրադադարի պարբերաբար խախտումներին Բաքվում ստեղծել է անպատժելիության և սեփական գերկարևորման խաբկանք: Դա դրսևորվում է նույն միջազգային կառույցների նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության մեջ, որի դրսևորումներից են Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակումը, Եվրոպայի Խորհրդից դուրս գալու պարբերաբար հնչող սպառնալիքները, ինչպես նաև անտարբերությունը միջազգային տարբեր ատյանների/կառույցների մարդու իրավունքների հետ կապված քննադատության նկատմամբ:
Եվրոպայի կողմից Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների կարևորման, ինչպես նաև վերջինիս խավիարային դիվանագիտության ժամանակ առ ժամանակ արձանագրած հաջողությունների արդյունք է նաև ադրբեջանական կողմի արկածախնդրությունը սահմանային գոտիներում, որի արդյունքում, ցավոք, տուժում է նաև խաղաղ բնակչությունը: Այս օրերին սահմաններում արձանագրված ակտիվությունը ևս տեղավորվում է ադրբեջանական կողմի հղփացման տրամաբանության շրջանակներում: Այդ մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով ադրբեջանական սադրանքները սկսեցին, երբ դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անգամ չէր ավարտել Բաքու կատարած իր այցը: Այսինքն՝ Բաքուն հերթական ապտակը հասցրեց համանախագահության ինստիտուտին և Ռուսաստանին՝ մասնավորապես, փորձելով ցույց տալ, որ որևէ ուժ չի կարող խոչընդոտել իրեն: Այս ամենն առավել ակնհայտ է դառնում, եթե հաշվի առնենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հրադադարի ռեժիմի պահպանման խնդիրը եղել է Ալիևի և Լավրովի քննարկման թեմաներից մեկը:
Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ մարտավարությունը խաղաղ ճանապարհով կասեցնելու և տարբեր դրդիչ գործոնների չեզոքացման միակ տարբերակը միջազգային հանրության կողմից Բաքվի իշխանությունների բոլոր ոչ իրավաչափ քայլերի նկատմամբ օբյեկտիվ և խիստ արձագանքն է (այդ թվում՝ ճնշման գործիքակազմի կիրառմամբ), հակառակ դեպքում՝ հայկական բանակը շուրջ երկու տասնամյակ անց կրկին ստիպված կլինի ստանձնել խնդրի լուծումը, սակայն այս անգամ դա կլինի վերջնական: